Պուտին-Թրամփ հանդիպում՝ այսօր. ինչ է հայտնի, ինչ է գրում մամուլը

Ալյասկայի Անքորիջ քաղաքում այսօր Երևանի ժամանակով 23:30-ին նախատեսված է ԱՄՆ-ի և ՌԴ-ի նախագահների՝ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը՝ Ուկրաինայում արդեն չորրորդ տարին ընթացող պատերազմը դադարեցնելու շուրջ: Էլմենդորֆ-Ռիչարդսոն ավիաբազայում անցկացվելիք պատմական հանդիպումը կսկսվի առաջնորդների դեմ առ դեմ բանակցություններով, ապա կշարունակվի ընդլայնված կազմով, որին կհետևի մամուլի ասուլիս:

Սա նախագահների առաջին դեմ առ դեմ հանդիպումն է Թրամփի երկրորդ ընտրությունից հետո: Այն տեղի է ունենալու մտավախությունների ֆոնին, որ Թրամփը կարող է հաշվի չառնել Կիևի շահերը, թեև նա վստահեցրել է՝ Ուկրաինային վերաբերող բոլոր հարցերը կքննարկվեն Կիևի մասնակցությամբ:

Հանդիպումից առաջ Սպիտակ տան ղեկավարը լավատեսություն է հայտնել խաղաղության հասնելու հնարավորության վերաբերյալ։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ ավելի կարևոր է Պուտինի հետ երկրորդ հանդիպումը՝ արդեն Ուկրաինայի նախագահի, գուցե նաև եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ, որի անցկացումը կախված կլինի այս հանդիպման արդյունքներից:

«Ես միայն ցանկանում եմ հող նախապատրաստել հաջորդ հանդիպման համար, որը պետք է տեղի ունենա շուտով։ Կցանկանայի, որ դա տեղի ունենա շատ արագ, այս հանդիպումից անմիջապես հետո … գուցե Ալյասկայում, որտեղ մենք կմնանք, քանզի դա շատ ավելի հեշտ է», - ասել է նա։

Fox News ռադիոյի հետ զրույցում էլ Թրամփն ասել է, թե Պուտինը գործարքի կգնա Ալյասկայում, քանզի պատժամիջոցների սպառնալիքները, հավանաբար, նպաստել են, որպեսզի Կրեմլի ղեկավարը համաձայնի հանդիպմանը: Սպիտակ տան ղեկավարը հայտնել է՝ հաջորդ հանդիպման համար այժմ երեք վայր են դիտարկում:

Ռուսաստանը հույս ունի Ալյասկայի գագաթնաժողովում շարունակել երկխոսությունը, որն սկսվել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի Ռուսաստան կատարած այցերի ժամանակ, ասել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը հանդիպումից մի քանի ժամ առաջ արդեն ժամանել է Անքորիջ, ընդ որում՝ CCCP գրությամբ շապիկով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Սթիվ Ուիթքոֆին. քննարկվել է ուկրաինական հակամարտությունը

«Մենք գիտենք, որ ունենք փաստարկներ և հստակ դիրքորոշում։ Մենք կբացատրենք դրանք։ Սթիվ Ուիթքոֆի այցերի ընթացքում շատ բան է արդեն արվել։ Նախագահը խոսել է այս մասին։ Ուիթքոֆը խոսել է նախագահ Թրամփի անունից։ Հուսով եմ՝ կշարունակենք այս շատ օգտակար զրույցը», - ասել է նա։

Ալյասկա է ժամանել նաև Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, որն ասել է, որ չնայած գլխավորը քաղաքական հարցերն են, տնտեսական թեմաներ ևս կքննարկվեն:

Մոսկվան զգուշացրել է, որ մեծ սխալ կլինի կանխատեսել Ալյասկայի հանդիպման հնարավոր արդյունքները: Կրեմլին խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ հանդիպումից հետո որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը բացառել է Կիևի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

ԱՄՆ պետքարտուղարն իր հերթին հույս է հայտնել, որ հանդիպումը լավ կանցնի՝ հավելելով, որ Վաշինգտոնն ամեն ինչ կանի, որպեսզի խաղաղություն հաստատվի Ուկրաինայում: Ամեն ինչ, սակայն, կախված է Ռուսաստանից ու Ուկրաինայից, ասել է Մարկո Ռուբիոն:

«Կարծում եմ՝ բոլորս գիտակցում ենք, որ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է քննարկում անվտանգության երաշխիքների, տարածքային վեճերի և պահանջների, ինչպես նաև այն բաների շուրջ, ինչի համար նրանք պատերազմում են», - հավելել է նա:

Ինչ է գրում մամուլը

Աշխարհն ուշի ուշով հետևում է, թե ինչպես կընթանա հանդիպումը: The New York Times-ը գրում է, որ ընդամենը մեկ շաբաթում կազմակերպված հանդիպումը ԱՄՆ քաղաքականության զգալի փոփոխության մասին է վկայում, իսկ գործարքներ կնքելու՝ Թրամփի հակումը մի շարք հարցեր է առաջացնում հանդիպման հնարավոր արդյունքի վերաբերյալ: Միայն փաստը, որ ԱՄՆ նախագահը պատրաստ է հանդիպել, արդեն դիվանագիտական հաղթանակ է Կրեմլի համար, նշում է թերթը։

Reuters-ն էլ գրում է, որ հրադադարի շուրջ համաձայնության գալու հույսերն անորոշ են, սակայն վերջին պահին Պուտինի երեկվա ակնարկը, որ Մոսկվան կբարձրացնի միջուկային զենքի վերահսկման հարցը, կարող է երկուսին էլ օգնել՝ փրկելու իրենց դեմքը։

Washington Post-ն իր հերթին գրում է, որ Պետանվտանգության կոմիտեի նախկին սպա Պուտինը գործի կդնի տասնամյակների փորձը, որպեսզի հմայի և մանիպուլացնի Թրամփին՝ փորձելով համոզել, թե պատրաստ է խաղաղության:

Թրամփ-Պուտին հանդիպման նախօրեին Անքորիջում մի քանի հարյուր մարդ դուրս է եկել ցույցի՝ ի պաշտպանություն Ուկրաինայի և ընդդեմ Պուտինի այցի։ «Մենք դեմ ենք մեր նահանգ ավտորիտար բռնապետերի հրավիրելուն ... Պուտինը ռազմական հանցագործ է և տեղ չունի ամերիկյան հողում»,- ասել է Stand UP Alaska կազմակերպության ղեկավար Էրին Ջեքսոն-Հիլը։