Եթե Ալյասկայի հանդիպմանը Վլադիմիր Պուտինը չհամաձայնի Ուկրաինայում հրադադար հաստատելուն, ապա շատ ծանր հետևանքներ կլինեն, վաղվա բանակցություններից առաջ հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ նկատի ունի:
Դոնալդ Թրամփն ասել է՝ եթե Ալյասկայի հանդիպումը հաջող անցնի, կցանկանար հաջորդն անցկացնել Ուկրաինայի նախագահի մասնակցությամբ, որը պետք է վճռորոշ լինի: «Կցանկանայի, որ այն տեղի ունենար առաջին հանդիպումից գրեթե անմիջապես հետո։ Մենք արագ երկրորդ հանդիպումը կանցկացնենք նախագահներ Պուտինի, Զելենսկիի և իմ մասնակցությամբ, եթե նրանք ցանկանան, որ ես այնտեղ լինեմ», - հայտարարել է ԱՄՆ նախագահը:
Թրամփը նշել է՝ եթե առաջին հանդիպումը լավ չանցնի, ապա երկրորդը չի լինի: Ըստ CBC News-ի, սակայն, Թրամփի վարչակազմն արդեն եռակողմ հանդիպման վայրն է ընտրում: Բրիտանական Telegraph-ն էլ գրում է, որ Թրամփը կարող է Պուտինին առաջարկել Ալյասկայում հազվագյուտ հանածոներ արդյունահանել, որպեսզի համոզի դադարեցնել պատերազմը:
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն այսօր ասել է, որ հանդիպման գլխավոր թեման ուկրաինական ճգնաժամն է, սակայն կքննարկեն նաև տնտեսական կապերի «հսկայական չիրացված ներուժը»: Առաջնորդները կհանդիպեն դեմ առ դեմ՝ թարգմանիչների մասնակցությամբ, հանդիպմանը կհետևի մամուլի ասուլիս:
Երեկ Թրամփը Ուկրաինայի և եվրոպական երկրների առաջնորդների հետ հեռավար հանդիպմանը վստահեցրել է, որ Պուտինի հետ չի քննարկի Ուկրաինայի տարածքների հարցը, այլ կփորձի համոզել, որ դադարեցնի պատերազմը: Սակայն, ըստ NBC News-ի՝ եվրոպացի առաջնորդներից ոմանց մոտ տպավորություն է եղել, որ ԱՄՆ նախագահը մեծ ակնկալիքներ չունի հանդիպումից:
Մեծ Բրիտանիայի վարչապետը տեսակապով հանդիպմանն ասել է, որ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալու առումով առաջընթաց կա, նաև նշել՝ Ուկրաինայի հարցով որևէ բանակցություն չի կարող լինել առանց Կիևի: Քիր Սթարմերը նաև ասել է՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները չեն կարող և չպետք է փոխվեն ուժով:
«Սահմանների, դիվանագիտության, հրադադարի մասին որևէ բանակցություն պետք է զուգակցվի անվտանգության ամուր և վստահելի երաշխիքի հետ՝ ապահովելու, որ ցանկացած խաղաղություն լինի երկարատև, և ցանկացած գործարքի դեպքում Ուկրաինան կարողանա պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը»,-ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:
Ըստ Politico-ի՝ Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալ:
Հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահը հայտնել է, որ Թրամփը հստակ է ասել՝ Ուկրաինայի տարածքների հարցը կարող է և կբանակցվի միայն երկրի նախագահի հետ. «Գրավված տարածքները … Ուկրաինայի մնացած տարածքի և Եվրոպայի համար խաղաղության երաշխիքների անբաժանելի մասն են, ուստի դա չի կարող քննարկվել առանց Ուկրաինայի նախագահի։ Այսօր տարածքային փոխանակման որևէ լուրջ սխեմա չկա սեղանին»,- հայտարարել է Էմանյուել Մակրոնը։
Ուկրաինայի նախագահը իր հերթին ԱՄՆ նախագահին և եվրոպացի գործընկերներին ասել է, որ Պուտինը չի ցանկանում խաղաղություն, բլեֆ է անում և Ալյասկայում հանդիպումից առաջ նոր հարձակումներով փորձում է ցույց տալ, թե կարող է գրավել ամբողջ Ուկրաինան։
Գերմանիայի կանցլերի փոխանցմամբ էլ՝ Թրամփին փոխանցել են միասնական ուղերձ՝ Եվրոպայի և Ուկրաինայի անվտանգության շահերը պետք է հաշվի առնվեն Ալյասկայի հանդիպմանը: Ըստ Ֆրիդրիխ Մերցի՝ նաև հստակեցրել են՝ Ուկրաինան պետք է մասնակցի հաջորդ հանդիպումներին. «Ուկրաինան պատրաստ է բանակցել տարածքների շուրջ։ Սակայն, այսպես կոչված շփման գիծը պետք է լինի մեկնարկային կետը։ Ռուսական օկուպացիայի իրավական ճանաչումը քննարկման առարկա չէ։ Պետք է շարունակի գործել սկզբունքը, որ սահմանները չպետք է փոխվեն ուժով»,-ընդգծել է Գերմանիայի կանցլերը։
Թրամփի հետ զրույցից հետո՝ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան Ուկրաինային աջակցել կամեցողների կոալիցիայի անունից հայտարարություն են տարածել՝ նշելով, որ Ուկրաինայում խաղաղության հասնել հնարավոր չէ առանց Կիևի, հակամարտության ցանկացած լուծում պետք է պաշտպանի Եվրոպայի և Ուկրաինայի անվտանգությունը, իսկ բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն հրադադարի պայմաններում:
Բացի այդ՝ չպետք է որևէ սահմանափակում լինի Ուկրաինայի բանակի թվաքանակի կամ այլ երկրների հետ Կիևի համագործակցության վերաբերյալ, նաև Ռուսաստանը չպետք է իրավունք ունենա վետո դնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը։
Այս ֆոնին Գերմանիան 500 մլն դոլար է հատկացրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենք գնելու նպատակով:
Այս ընթացքում կողմերը շարունակել են հարվածել միմյանց: Ուկրաինական անօդաչուների հարվածներից Բելգորոդում և Դոնի Ռոստովում 14 մարդ է վիրավորվել: