Վարչապետին ուղեկցող շարասյան մեքենայի հարվածից մահացած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի հայրն աղջկա վրաերթի համար պետությանն է մեղադրում։
Մացակ Մնացականյանը հայտարարում է՝ աղջկա հետ տեղի ունեցած ողբերգությունը պետական կառավարման անփութության հետևանք է։
«Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի համար անվտանգությունը կարելի է ապահովել, անցորդները ՀՀ քաղաքացի չե՞ն, որ անվտանգություն չապահովեն։ Այդտեղ անձի հարցը չի, այդտեղ պետական կառավարման անփութության հարց է։ Եթե այդ շարասյունը…ժամանակին կարողանային փողոցները փակեին, ժամանակին տեղյակ պահեին, երբեք այդ դեպքը չէր պատահի։ Ի՞նչ է նշանակում՝ այդ ձայնագրությունները չկան, կորել են, փչացել են…դա ի՞նչ հարց է, որ այդքան անփույթ են գտնվել, ամեն հարցում այդքան անփույթ գտնվել կարելի՞ է»,-ասում է Սոնա Մնացականյանի հայրը։
Սոնա Մնացականյանի հայրը պնդում է՝ իր դստեր կորստի համար պատասխանատու է ոչ միայն դատարանով մեղավոր ճանաչված վարչապետի շարասյանն ուղեկցող մեքենայի վարորդը, այլև հենց շարասյան ղեկավարները։
Լրագրողները Մնացականյանից հետաքրքրվեցին՝ արդյոք նա ևս մեղավոր համարո՞ւմ է վարչապետ Փաշինյանին իր աղջկա մահվան համար. «Մենք իրավական պետության մեջ ենք չէ՞ ապրում, թող իրավական պետությունն էլ որոշում կայացնի՝ ով է մեղավոր և պատժի»,-ընդգծում է Մացակ Մնացականյանը։
Սոնայի հորը վրդովվեցրել էր Փաշինյանի՝ վերջին ասուլիսի ընթացքում հնչեցրած խոսքերը։ Վարչապետն իր ավտոշարասյունը համեմատել էր հանրային տրանսպորտի հետ, երբ լրագրողը հարցով հիշեցրել էր, որ նրա ավտոշարասյունը վրաերթի է ենթարկել 28-ամյա հղի կնոջն, ու մինչև հիմա որևէ մեկը պատասխանատվություն չի կրել: «Ես չեմ համեմատում, որ այս վթարը նման է ավտոբուսի մեջ նստած ուղևորի, բացարձակ չեմ հասկանում՝ դա ինչ մոտեցում է»,-լրագրողների հետ զրույցում ասաց Մացակ Մնացականյանը։
Մայոր Արամ Նավասարդյանը նախորդ նիստին մեղավոր ճանաչվեց։ Չնայած դրան, նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը: Նրա փաստաբանը պնդում է, թե Սոնան չի ենթարկվել երթևեկության կանոններին: Ավելին Ռուբեն Բալոյանը պնդել էր, թե՝ «միգուցե այդ ամենը պայմանավորված է եղել Մնացականյանի «քաղաքական հայացքներով»։
«Ի՞նչ քաղաքական հայացքների մասին է խոսքը։ Քաղաքականն այն է, որ աղջիկս հավատալով Հայաստանում կատարվող փոփոխություններին՝ Դանիայի նման երկիրը թողեց, եկավ Հայաստան՝ դուստր ձեռնարկություն բացեց։ Այ քաղաքականը դա կարելի է ասել, թե ինչու են լավ կադրերը թողնում, հեռանում Հայաստանից։ Ասում է՝ կադր չունենք։ Կադր ինչո՞ւ չունենք, որովհետև ապահովված չեն զգում էստեղ, դրա համար թողնում, հեռանում են»,-ասում է Սոնա Մնացականյանի հայրը։
Տուժող կողմը 3 տարի շարունակ անարդար է համարում, որ Արամ Նավասարդյանը վրաերթից հետո ընդամենը մի քանի օր է մնացել անազատության մեջ, աշխատանքից էլ չի ազատվել: Եվ միայն վրաերթից 3 տարի անց՝ վերջին նիստերից մեկում, նա ցավակցեց Սոնա Մնացականյանի ընտանիքին՝ հայտարարելով, որ սգում է նրա մահը, բայց իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Նավասարդյանը հրաժարվում է մեկնաբանություններից, այսօր էլ նախընտրեց չպատասխանել լրագրողների հարցին. «Ես խոսելու ցանկություն չունեմ, վերջ տվեք»,- ասաց Նավասարդյանը։
Մնացականյանների ընտանիքը միջնորդել է Արամ Նավասարդյանին որպես պատիժ նշանակել 4 տարվա ազատազրկում: Այսօր դատարանում պետք է վարորդի պատժաչափը քննարկվեր, սական նիստը հետաձգվեց։
Մինչ նիստի հետաձգումը Սոնա Մնացականյանի հայրը փոխհատուցման միջնորդություն ներկայացրեց։ Ընտանիքի փաստաբան Րաֆֆի Ասլանյանն այսօր ավելի ուշ հայտնեց. «Որոշ անձինք կարծես սխալ են հասկացել Սոնա Մնացականյանի վրաերթի գործով տուժողի իրավահաջորդի կողմից ներկայացված գույքային հայցի իմաստը։ Պարզաբանեմ, որ հայցապահանջը վերաբերում է հանգուցյալի հուղարկավորության, գերեզմանի, հուշաքարի կառուցման համար արդեն իսկ կատարված ծախսերին։ Իսկ բռնագանձվելիք գումարը սեփական հայեցողությամբ կտնօրինի տուժողի իրավահաջորդը, գուցե նաև բարեգործական նպատակներով։ Այն որևէ կապ չունի բողոքի առկայության կամ բացակայության հետ»։
Մնացականյանների ընտանիքը Նիկոլ Փաշինյանի շարասյանն ուղեկցող մեքենայի վարորդ Արամ Նավասարդյանից 10 միլիոն դրամ է պահանջում:
Դատական հաջորդ նիստը երկուշաբթի նշանակվեց: