Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կմնա կալանքի տակ. դատարանը 10 օրով երկարաձգեց նրա կալանքի ժամկետը՝ մերժելով Աջապահյանին ազատ արձակելու պաշտպանական կողմի միջնորդությունը:
Այսօր Շիրակի թեմի առաջնորդի գործով առաջին դատական նիստն էր, խափանման միջոցը փոփոխելու միջնորդությունը դռնբաց էր քննարկվում։
Ինքը՝ սրբազանը, հայտարարեց, որ խնդրանքով չի դիմի դատախազ իրեն ազատելու համար, քանի որ վստահ է, որ անմեղ է. - «Ես երբեք ավելի ազատ չեմ եղել, քան այս 50 օրը: Եվ վայ էն հոգևորականին, որ կվախենա, կընկճվի ազատազրկման սպառնալիքից»:
Աջապահյանը կոշտ ձևակերպումներ օգտագործեց իշխանությունների գործողությունները նկարագրելիս՝ համեմատականներ տանելով Խորհրդային միության հետ. - «Եկեղեցական ասպարեզ մտնելով հակադրվել եմ սովետական հսկայական կայսրությանը, բայց սովետական կայսրությունն այս սխալը չի գործել, ինձ չի դատապարտել: Ինձ չեն կալանավորել սովետական իշխանությունները, որոնց միշտ քննադատել եմ, չեն կալանավորել ՀՀՇ-ականները, որոնց նույնպես քննադատել եմ, չեն կալանավորել Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանությունները, որոնց միշտ քննադատել եմ: Պետք էր հասնել լուսավոր, այս հեղափոխական, դեմոկրատական երկիրը, որպեսզի ես կալանավորվեի իբրև հանցագործ»:
Միքայել արքեպիսկոպոսին իշխանությունը զավթելու կոչի հոդվածով մեղադրանք ներկայացվեց՝ նրա մեկ տարվա վաղեմության մի հարցազրույցի հետքերով, որտեղ հոգևորականը խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին: Ընդ որում՝ դրանից մեկ տարի առաջ Գլխավոր դատախազությունը նույն այդ խոսքերում հանցակազմ չէր տեսել ու գործ չէր հարուցել: Դատախազությունը հիմնավորում է, թե նա այս հայտարարությունն արել է նաև 2025-ի հունիսին։
Դատախազն այսօր էլ պնդեց, որ Աջապահյանը պետք է մնա անազատության մեջ, քանի որ, ըստ նրա, արքեպիսկոպոսը կարող է խոչընդոտել գործին, ու նոր հանցանք կատարելու հավանականության հիմքերը դեռ առկա են. - «Ես ցանկանում եմ պաշտպանական կողմի այն դիտարկումներին, որ առկա է շահագրգռվածություն, նմանատիպ այլ մտքերին, ցանկանում եմ նշել, որ մեղադրող կողմի համար արդարադատությունից զատ այլ նպատակ քրեական վարույթով չի հետապնդվում»:
Պաշտպանական կողմը, որ ներկայանում էր միանգամից 5 պաշտպանով, բազմաթիվ պնդումներ ներկայացրեց, թե ինչու պետք է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ազատ արձակել հենց այս վայրկյանին. -«Կարծում եմ, որ չի կարող կալանքը որպես խափանման միջոց կիրառվել, որովհետև դրա հիմքերն ուղղակի չկան: Շատ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվողներ այսօր կալանավորված չեն, բայց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այսօր կալանավորված է, 50 օր գտնվում է կալանքի տակ իր խոսքի համար»:
Երկրորդ միջնորդությունը վերաբերում էր գործը Գյումրի տեղափոխելուն: Սա դատարանը ևս մերժեց առանց նույնիսկ խորհրդակցական սենյակ գնալու: Երրորդ միջնորդությունը վերաբերում էր քրեական հետապնդումը դադարեցնելուն. դատարանը մի մասով մերժեց, մյուս մասով փաստացի հետաձգեց միջնորդությունը:
Ավելի քան 4 ժամ ընթացող դատական նիստի ավարտին փաստաբանական թիմը համոզմունք հայտնեց, որ հնարավոր չէ այս դատարանի նախագահությամբ արդար դատաքննություն տեսնել. - «Ակնհայտ էր, որ կա հանձնարարություն, հանձնարարությունը կատարվելու է, մենք մեր առջև խնդիր էինք դրել ցուցադրելու, թե ինչ աստիճանի պատրաստ են տարբեր մարմիններ կատարելու այդ հանձնարարությունները ու ինչ ակնհայտ խայտառակությամբ: Երբ առաջին անգամ սրբազանին կալանավորեցին, հարցազրույցում ասացինք՝ մի օր կգա կհրապարակենք այդ ձայնագրությունները, թե նիստին ինչ է եղել, խայտառակությունը կբացահայվի, հիմա դուք տեսաք, էլ կարևոր չի, որ էն մյուսը հրապարակենք»:
Փաստաբանական թիմը խոսեց նաև ստիպողականության մասին. նրանք համոզված են, որ իշխանությունը ցանկանում է շատ արագ այս գործը փակել, և որպես ապացույց բերեցին հենց այսօր դատարանի կայացրած մեկ այլ որոշում:
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 18-ին ու փաստացի մինչև օգոստոսի 25-ը մի քանի իրար հաջորդող դատական նիստ է նշանակված:
«Կյանքում ինքը [դատավորը] իր պրակտիկայում չի ունենա երկրորդ գործ, որտեղ կասի, որ առանց կողմերի հետ համաձայնության չորս հատ դատական նիստ եմ նշանակում իրար հետևից ամեն օրը: Ինքը հասկանում է՝ բացառիկ գործ է, ու այդ բացառիկության մեջ, իրենք չունենալով որևէ հակափաստարկ ուղղակի օրենքով իրենց տրված լիազորությունը՝ որոշում կայացնելու, կիրառում են, բայց որոշումը, որոշում չի, սա ապօրինություն է», - ասաց փաստաբաններից մեկը:
Այսօր դատական նիստերի դահլիճը լեփ-լեցուն էր, ներկա էին և՛ հոգևորականներ, և՛ պարզապես քաղաքացիներ, կա տեղեկություն, որ նույնիսկ Գյումրիից են մարդիկ եկել: