Մեկնարկել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով առաջին դատական նիստը։
Այսօր դատարանը նաև կքննի սրբազանի խափանման միջոցը փոփոխելու հարցը: Շիրակի թեմի առաջնորդը հունիսի վերջին էր կալանավորվել:
Միքայել արքեպիսկոպոսին իշխանությունը զավթելու կոչի հոդվածով մեղադրանք ներկայացվեց՝ նրա մեկ տարվա վաղեմության մի հարցազրույցի հետքերով, որտեղ հոգևորականը խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին: Ընդ որում՝ դրանից մեկ տարի առաջ Գլխավոր դատախազությունը նույն այդ խոսքերում հանցակազմ չէր տեսել ու գործ չէր հարուցել:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտել է Շիրակի թեմի առաջնորդի կալանավորման որոշումը և այն անձնական վրեժխնդրության դրսևորում համարել։ Հայ առաքելական եկեղեցին համարում է, որ այդ որոշումն «ուղղակի հետևանքն էր վարչապետի և իշխանության բարձրաստիճան մյուս պաշտոնյաների եկեղեցահալած քաղաքականության և եկեղեցականների դեմ թշնամանքի ու ատելության խոսքի»: