Իջևանի կարի արտադրամասի հնդիկ աշխատակիցների բողոքներով քրեական վարույթ է հարուցվել զենքի գործադրմամբ ու սպառնալիքով ֆիզիկական և հոգեկան ներգործության, ինչպես նաև ապօրինի զենք ձեռք բերելու հոդվածներով, տեղեկացնում են Դատախազությունից: Կասկածյալներ կամ մեղադրյալներ դեռ չկան:
Օրեր շարունակ Իջևանում «Իջ գրանդ տեքստիլօպտ» ռուսական ընկերության հնդկաստանցի աշխատակիցները գործադուլ էին անում՝ հայտարարելով, թե տնօրինությունն իրենց հասանելիք երեք ամսվա աշխատավարձը չի վճարել: Ավելին՝ բարձրաձայնում էին անմարդկային վերաբերմունքի, անգամ՝ զենքով սպառնալիքների մասին:
«Մենք բոլորս ուզում ենք մեր աշխատավարձը և ուզում ենք վերադառնալ Հնդկաստան։ Սեփականատերը մեզ ստիպում է աշխատել՝ ատրճանակի սպառնալիքի տակ։ Մենք որևէ խնդիր չունենք հայերի հետ, նրանք բարի են։ Բայց մեզ պետք է մեր աշխատավարձը, որպեսզի կարողանանք վերադառնալ Հնդկաստան», - իրենց հրապարակած տեսանյութերում հայտարարում էին Իջևան աշխատելու եկած հնդկաստանցի բանվորները:
Երեկ Իջևանում հաստատված հնդկաստանցիների բողոքները լսելու համար արտադրամաս էր եկել Հայաստանում Հնդկաստանի հյուպատոսը: Ավելի քան հինգ ժամ տևած փակ հանդիպումից հետո հյուպատոսն այդպես էլ չխոսեց լրագրողների հետ: Այսօր «Ազատության» գրավոր հարցմանը, թե ի՞նչ են քննարկել, ի՞նչ են պարզել ու ի՞նչ են որոշել, դեսպանատնից դեռ չեն արձագանքել:
Իսկ ընկերության տնօրեն Մհեր Միրզոյանը, չնայած հնդկաստանցիների հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական վարույթին, այսօր էլ կտրականապես հերքում է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները, նշում, թե անգամ աշխատավարձի ուշացումներ չունի, ու որ միայն պայմանավորվել են առաջիկայում հնարավորության սահմաններում աշխատավարձերը բարձրացնել:
«Մինչև վերջի կոպեկ իրանք ստացել են շատ շուտ, ոչ թե բունտից առաջ կամ բան: Մենք փողը իրեք ամսով կամ դաժե տասը օր ուշացնենք կամ մի շաբաթ, պատկերացնում ե՞ք՝ հայոց հարցը կսարքեն: Ես հարյուր տոկոսանոց եմ դա ասում՝ ընդամենն ուզում էին աշխատավարձ բարձրացնեն, դրա հիման վրա ինչ ասես գրել են», - «Ազատությանն» այսօր ասաց Միրզոյանը:
Երեկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն էր հայտարարություն տարածել, թե դեռ օգոստոսի 6-ին առանձնազրույց են ունեցել կարի արտադրամասի աշխատակիցներից մի քանիսի հետ: «Մարդու իրավունքներին վերաբերելի բոլոր հարցերն ամփոփվում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում և կհասցեավորվեն իրավասու պետական մարմնին: Պաշտպանն իր իրավասությունների շրջանակում հետևողական է լինելու, որպեսզի աշխատանքային իրավունքներն առհասարակ պատշաճ կերպով ապահովվեն և պաշտպանված լինեն», - ասված է ՄԻՊ գրասենյակի հայտարարության մեջ:
Երեկ նաև ոստիկաններ էին այցելել Իջևանի «Գրանդ տեքստիլ» ընկերություն: Աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչներն էլ նշել էին, թե բոլորովին այլ առիթով հարուցված վարչական վարույթի շրջանակում են կարի արտադրամաս եկել, իսկ վերջին օրերին բարձրաձայնվող հարցերով տեսչական մարմինը դեռ վարույթ չունի: Ասացին՝ աշխատավարձի վճարումների բոլոր տվյալները կուսումնասիրեն, հետո եզրակացություն կանեն:
Թե ինչ արդյունք կտա իրավապահների հարուցած քրեական վարույթը, դեռ վաղ է եզրակացնել: Դատախազությունից հայտնում են, սակայն, որ երկու տարի առաջ նույն՝ Իջևանի կարի այս արտադրամասում Հնդկաստանի քաղաքացիների նկատմամբ աշխատանքային շահագործման հոդվածով էր քրեական վարույթ հարուցվել: Բայց այն կարճվել է. բողոքող հնդիկները մեկնել են Հայաստանից, իրավապահներն էլ հանցակազմ չեն գտել:
Կարի այս արտադրամասի մոտ երեք մետրանոց պարիսպներից ներս մտնել մեզ երեկ այդպես էլ չհաջողվեց: Որևէ կերպ հնարավոր չէր դրսից հասկանալ՝ ինչ է տեղի ունենում ներսում, և որքանով կարող էին ճշմարիտ լինել հնդիկների բողոքներն իրենց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի ու կենցաղային խնդիրների մասին: Միայն ինչ-որ չափով երևում էր արտադրամաս տանող աստիճանավանդակը, որտեղ «Ազատության» նկարահանման պահին աշխատակիցներին պատժելու մասին խոսացող երկու հաղթանդամ տղամարդիկ երևացին: Այսօր պարզվեց, որ նրանցից մեկը արտադրամասի տնօրեն Մհեր Միրզոյանն էր:
«Ո՞ւմ եք ուզում պատժել», - «Ազատության» այս հարցին տղամարդիկ արձագանքել էին. - «Ոչ մեկին, ասում ենք կեղտոտ ա, բան ա, էդ ենք նայում, ո՞վ ա կեղտոտել»: «Եթե տեսնում եք կեղտոտ է, պատժում ե՞ք», - սրան էլ պատասխանել էին. - «Չէ, ո՞նց կարանք պատժենք»:
Այսօր Միրզոյանը հեռախոսով դարձյալ հերքեց, թե հնդիկներին պատժում են. - «Ամբողջ տարածքում մոտավորապես 60 հատ տեսախցիկ ունենք»:
Այս արտադրամասը 375 աշխատող ունի: Կեսից ավելին Հնդկաստանի քաղաքացիներ են: Ինչո՞վ են նրանք գրավում գործատուներին: «Իջ գրանդ տեքստիլօպտ» ընկերության տնօրեն Մհեր Միրզոյանն այսօր «Ազատությանն» ասաց՝ կարել գիտեն, լավ մասնագետ են. - «Հնդիկները սաղ էդ գործերն անում են Հայաստանում, որ մեր հայերը չեն անում: Մեր հայը լուչշե գնա Ռուսաստան աշխատի, քանի թե գա մեր մոտ, Հայաստանում աշխատի, էդ ձև ա մեր մոտ»:
Հնդկաստանի հյուպատոսի հետ երեկվա հանդիպումից հետո Իջևանի կարի արտադրամասի տարածքում բնակվող ու աշխատող հնդկաստանցիները դադարեցրել են գործադուլը: Նրանց մեջ հայերենով կամ անգլերենով հաղորդակցվող որևէ աշխատակից չկար, որը պատմեր՝ ինչ են պայմանավորվել քննարկումների ժամանակ: Քանի դեռ դեսպանատնից նույնպես պատասխան չունենք, մեզ հայտնի են միայն ընկերության տնօրենի հերքումներն ու պնդումներն այն մասին, թե հնդիկների հայտարարություններն իրենց նկատմամբ վատ վերաբերմունքի մասին սուտ են:
Ամիսներ առաջ «Ազատություն»-ը հետաքննություն էր հրապարակել Հայաստան աշխատելու եկած հնդկաստանցիների խնդիրների վերաբերյալ, այն կարող եք դիտել ստորև.