Մատչելիության հղումներ

Իջևանի կարի արտադրամասի հնդիկների բողոքներով քրեական վարույթ է նախաձեռնվել


Հնդկաստանի քաղաքացիների գործադուլը Իջևանի կարի արտադրամասում, 11-ը օգոստոսի, 2025թ.
Հնդկաստանի քաղաքացիների գործադուլը Իջևանի կարի արտադրամասում, 11-ը օգոստոսի, 2025թ.

Քրեական վարույթ է նախաձեռնվել Իջևանի կարի արտադրամասում զենքի գործադրմամբ ու սպառնալիքով ֆիզիկական և հոգեկան ներգործության, ինչպես նաև ապօրինի զենք ձեռք բերելու հոդվածներով, տեղեկացնում են Դատախազությունից:

Օրեր շարունակ Իջևանում «Իջ գրանդ տեքստիլօպտ» ռուսական ընկերության հնդկաստանցի աշխատակիցները գործադուլ էին անում՝ հայտարարելով, թե տնօրինությունն իրենց հասանելիք երեք ամսվա աշխատավարձը չի վճարել: Ավելին՝ բարձրաձայնում էին անմարդկային վերաբերմունքի մասին, թե տնօրենն իրենց սպառնում է զենքով:

«Մենք բոլորս ուզում ենք մեր աշխատավարձը և ուզում ենք վերադառնալ Հնդկաստան։ Սեփականատերը մեզ ստիպում է աշխատել ատրճանակի սպառնալիքի տակ։ Մենք որևէ խնդիր չունենք հայերի հետ, նրանք բարի են։ Բայց մեզ պետք է մեր աշխատավարձը, որպեսզի կարողանանք վերադառնալ Հնդկաստան», - իրենց հրապարակած տեսանյութերում հայտարարում էին Իջևան աշխատելու եկած հնդիկ բանվորները:

Երեկ Իջևանում հաստատված հնդկաստանցիների բողոքները լսելու համար արտադրամաս էր եկել Հայաստանում Հնդկաստանի հյուպատոսը: Ավելի քան հինգ ժամ տևած փակ հանդիպումից հետո հյուպատոսն այդպես էլ չխոսեց լրագրողների հետ: Այսօր «Ազատության» գրավոր հարցմանը, թե ի՞նչ են քննարկել, ի՞նչ են պարզել ու ի՞նչ են որոշել, դեսպանատնից դեռ չեն արձագանքել:

Իսկ տնօրեն Մհեր Միրզոյանը, չնայած հնդկաստանցիների հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական վարույթին, այսօր էլ կտրականապես հերքում է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները, նշում, թե անգամ աշխատավարձի ուշացումներ չունի:

«Հնդիկի աշխատավարձը եթե մենք ուշացնենք դաժե երեք օր, պատկերացնո՞ւմ եք, հայոց հարցը կսարքեն: Ես հարյուր տոկոսանոց ասում եմ, որ այդ բոլոր հայտարարությունները սուտ են», - «Ազատությանն» այսօր ասաց կարի արտադրամասի տնօրենը:

Ամիսներ առաջ «Ազատություն»-ը հետաքննություն էր հրապարակել Հայաստան աշխատելու եկած հնդկաստանցիների խնդիրների վերաբերյալ, այն կարող եք դիտել ստորև.


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG