ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը Ալյասկայում այսօր կայանալիք հանդիպման ընթացքում կարող են քննարկել Հայաստանի և Ադրբեջանի տարածքների միջև տրանսպորտային երթուղու նկատմամբ վերահսկողության հարցը, ՏԱՍՍ-ին ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին։
Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Միացյալ Նահանգների, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները համատեղ հռչակագիր ստորագրեցին, որի կետերից մեկն էլ ապաշրջափակման մասին է: Համաձայնեցված փաստաթղթում Հայաստանն անխոչընդոտ ճանապարհ է տրամադրում Ադրբեջանին:
Երևանն ու Բաքուն վերահաստատել են ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա:
Կողմերը օգոստոսի 11-ին միաժամանակ հրապարակեցին խաղաղության համաձայնագրի 17 կետանոց փաստաթուղթը: Այն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել էին արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը:
Թրամփն ու Պուտինն այսօր հանդիպելու են Ալյասկայում, ըստ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի՝ առաջնորդները կկենտրոնանան ուկրաինական ճգնաժամի երկարաժամկետ խաղաղ կարգավորման հասնելու տարբերակների քննարկման վրա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանն աջակցում է ՀՀ-ին «Թրամփի երթուղու» ծրագրերում, եթե Երևանը դա անհրաժեշտ է համարում. Օվերչուկ