Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կմնա կալանքի տակ։ Դատարանը 10 օրով երկարաձգեց սրբազանի կալանքի ժամկետը՝ մերժելով նրան ազատ արձակելու պաշտպանական կողմի միջնորդությունը:
Այսօր Շիրակի թեմի առաջնորդի գործով առաջին դատական նիստն էր, խափանման միջոցը փոփոխելու միջնորդությունը դռնբաց էր քննարկվում։
Ինքը՝ սրբազանը, հայտարարեց, որ խնդրանքով չի դիմի դատախազ իրեն ազատելու համար, քանի որ վստահ է, որ անմեղ է։ Կոշտ ձևակերպումներ օգտագործեց իշխանության հասցեին՝ ասելով՝ անգամ Սովետական միությունը չկալանավորեց իրեն, մինչդեռ իրեն ժողովրդավար կոչող պետությունը ազատ խոսքը սահմանափակեց կալանքով։
Միքայել արքեպիսկոպոսին իշխանությունը զավթելու կոչի հոդվածով մեղադրանք ներկայացվեց՝ նրա մեկ տարվա վաղեմության մի հարցազրույցի հետքերով, որտեղ հոգևորականը խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին: Ընդ որում՝ դրանից մեկ տարի առաջ Գլխավոր դատախազությունը նույն այդ խոսքերում հանցակազմ չէր տեսել ու գործ չէր հարուցել: Դատախազությունը հիմնավորում է, թե նա այս հայտարարությունն արել է նաև 2025-ի հունիսին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գալստանյանի, Աջապահյանի ու Կարապետյանի մեղադրանքները՝ մեկ շղթայի մեջ. ՔԿ նախագահՄայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտել է Շիրակի թեմի առաջնորդի կալանավորման որոշումը և այն անձնական վրեժխնդրության դրսևորում համարել։ Հայ առաքելական եկեղեցին համարում է, որ այդ որոշումն «ուղղակի հետևանքն էր վարչապետի և իշխանության բարձրաստիճան մյուս պաշտոնյաների եկեղեցահալած քաղաքականության և եկեղեցականների դեմ թշնամանքի ու ատելության խոսքի»: