Չնայած կալանավորված միլիարդատեր Սամվել Կարապետյանի` «Հայաստանի էլեկտրական ցանցերի» համար կես միլիարդ դոլարի փոխհատուցման պահանջին, փորձագետների զգուշացումներին, որ ընկերության պետականացմանը միտված քայլերը հարված են հասցնում Հայաստանի հեղինակությանը, Կառավարությունից հայտարարում են՝ մտավախություններ չունեն. «Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ցանկացած արբիտրաժում պաշտպանելու իր պետական շահերը, և մենք այս դեպքում ևս գնալու ենք էդ ճանապարհով» , - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Կարապետյանները կառավարությունից 500 միլիոն դոլար են պահանջում: Ընտանիքը փոխհատուցման պահանջով արբիտրաժային տրիբունալ է դիմել, որն էլ պետք է քննի բուն ներդրումային վեճը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կարապետյանները կառավարությունից 500 միլիոն դոլար փոխհատուցում են պահանջում. գործադիրից դեռ չեն արձագանքելԳործարարի փաստաբանական թիմը տեղեկացնում է՝ հայցի հիմքում Կարապետյանները ներդրումների պաշտպանության մասին Հայաստանի ու Կիպրոսի միջև 30 տարի առաջ կնքված համաձայնագիրն են դրել: Միլիարդատերը «Հայաստանի էլեկտրական ցանցերը» տնօրինում է նաև Կիպրոսում գրանցված մի ընկերության միջոցով: «Կարապետյանների ընտանիքն իր արբիտրաժային հայցում պնդում է, որ Հայաստանի Հանրապետության գործողությունները կամայական են, խտրական, քաղաքականորեն ուղղորդված և նպատակ են հետապնդում զրկել իրենց ՀԷՑ-ի նկատմամբ սեփականության իրավունքից» , - հայտնել է Կարապետյանների փաստաբանական թիմը:
500 միլիոն դոլարը Հայաստանի պետբյուջեի՝ մեկ տարվա ընթացքում պետական բոլոր ծախսերի ավելի քան 5 տոկոսն է, Հայաստանի ամբողջ պետական պարտքի ավելի քան 3.5 տոկոսը: Օրինակ՝ տարեցների աշխատանքային կենսաթոշակների համար պետությունը 780 միլիոն դոլար է ծախսում, այս 500 միլիոն դոլարն այնքան մեծ է գումար է Հայաստանի համար, որ հնարավոր է բոլորի կենսաթոշակը 60 տոկոսով ավելացնել:
«Ոչ, մտահոգություն չունենք: Չենք պարտվի, վստահ եմ, մենք անելու ենք առավելագույնը՝ պատշաճ կերպով պաշտպանելու Հայաստանի Հանրապետության շահերն ինչպես արբիտրաժում, այնպես էլ ցանկացած դատական ատյանում, որտեղ Հայաստանի Հանրապետության դեմ դատական հայց կներկայացվի» , - հայտարարեց Դավիթ Խուդաթյանը։ Թե որտեղից նման ինքնավստահություն, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը չի մանրամասնում ու առաջարկում է չանհանգստանալ. «Մտահոգություններ և մտավախություններ չունենք»:
Իշխանությունները «Հայաստանի էլեկտրական ցանցերը» պետականացնելու մասին հայտարարեցին Սամվել Կարապետյանի կալանավորմանը զուգահեռ, հաշվված օրերի ընթացքում ընկերության կառավարումը ստանձնելու համար օրենք փոխեցին, որն էլ խորհրդարանն ընդունեց հրատապ կարգով: Անցած ամիս Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտը կառավարությունից պահանջել էր ձեռնպահ մնալ ընկերության ակտիվներն առգրավելուց, չփոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների անդամներին ու կանոնադրությունը: Կառավարությունը չհետևեց որոշմանը. պետության կողմից ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը ոչ միայն շարունակում է պաշտոնավարել, այլև ընկերության ղեկավար հաստիքներ զբաղեցնող աշխատակիցների է հեռացրել, նրանց փոխարեն՝ այդ թվում իր կուսակիցներին նշանակել: Չկատարված արբիտրաժային որոշումն, ըստ էության, հայցի ապահովման միջոցի նշանակություն ուներ, բուն քննությունը դեռ նոր պետք է սկսվի:
Արբիտրաժային գործերում մասնագիտացված իրավաբանները բացատրում են՝ եթե արբիտրաժը բավարարի Կարապետյանների դիմումը, իսկ գործադիրը գումարը չվճարի, բանը կարող է արտերկրում գտնվող Հայաստանի ակտիվների բռնագանձմանը հասնել. «Ներդրումային ոչ մի հնարավորություն, որ կարելի էր ենթադրել, որ կարող է գալ, չի գա, որովհետև ներդրողներն արդեն կհասկանան, որ անգամ դատական ակտը չի կատարում Հայաստանը ներդրումների պաշտպանության բնագավառում: Վնասելու է ներդրումային միջավայրին ու տնտեսությանը նաև» , - ասում է իրավաբան Տարոն Սիմոնյանը:
Անկախ արբիտրաժային տրիբունալի որոշումից՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» պետականացնելու համար Կառավարությունը պարտավոր է Կարապետյաններին վճարել իրենց սեփականության համար. սա ամրագրված է Սահմանադրությամբ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ո՞վ կարող է ձեռք բերել ՀԷՑ-ըՇաբաթներ առաջ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում վերահաստատել էր՝ Սամվել Կարապետյանին միանշանակ փոխհատուցում կտան. «Ժողովրդի շրջանում, երբ ասվում է ազգայնացում, բոլորը պատկերացնում են, որ խոսքը խլելու մասին է ինչ-որ մեկի սեփականությունը, բայց մեր երկրում նման իրավական ընթացակարգ որևէ սեփականության ձևի հետ կապված գոյություն չունի: Մենք ինչի մասին էլ խոսենք, դա հատուցելի բնույթ է կրելու», - ասել է Արդարադատության նախարարը:
«Հայաստանի էլեկտրական ցանցերում» անցած տարի անցկացված աուդիտի արդյունքում ընկերության կապիտալը շուրջ 360 միլիոն դոլար է գնահատվել: