«Չեղած գումարով ինչքա՞ն պահենք». Գյումրիի զարգացման ծրագիրը բուռն քննարկումից հետո լրամշակման ուղարկվեց  

Վարդան Ղուկասյան, Գյումրիի քաղաքապետ, արխիվ

Գյումրիի զարգացման հնգամյա ծրագիրը բուռն քննարկումներից ու քննադատությանից հետո չդրվեց քվեարկության, հարցը հանվեց ու լրամշակման ուղարկվեց: Ծրագիրը ներկայացնելուց հետո ավագանու գրեթե բոլոր խմբակցություններից քննադատություն հնչեց, ամենակոշտը «Քաղաքացիական պայմանագիրն» էր:

Խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը թվարկեց, թե ինչ էր փնտրում զարգացման ծրագրում ու այդպես էլ չի գտել. «Ես կուզեի այստեղ տեսնել մեր սպորտդպրոցները: Ես գրեթե բոլոր սպորտդպրոցներում, մանկապարտեզներում, մեր երաժշտական դպրոցներում եղել եմ. 80 տոկոսը քայքայված, անմխիթար, շատ վատ վիճակում դուք ժառանգել եք, կուզեի, որ թիրախային, կոնկրետ նշված լիներ»։

Քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հակադարձեց, թե իրենք ժառանգել են այդ ամենը ու ընդամենը 3-4 ամիս է, որ քաղաքային իշխանություն են: Հավելեց՝ ծրագրի մեջ շատ բան կարելի էր գրել, բայց իրենք առաջնորդվել են բյուջեի հնարավորություններով:

«Էս չեղած գումարներով մենք աշխատավարձ բարձրացնենք, սպորտդպրոց պահենք 17 հատ, երաժշտական դպրոց, նախակրթական ես չգիտեմ ինչքան պահենք ու փողոց, լուսատու, ես չգիտեմ, ասֆալտապատում, սանմաքրում… մի խոսքով, սա շատ քիչ է։ Կարելի է հնգամյա ծրագրի մեջ էնքան բան առաջարկել, բայց գումարի մասին պիտի ասենք՝ որտեղի՞ց» , - ասաց Ղուկասյանը:

Մանկապարտեզների հետ կապված խնդիրը նաև «Մեր քաղաքը» խմբակցությունը բարձրաձայնեց, թե հնգամյա ծրագրում հիմնանորոգման փոխարեն ամենամյա հատկացումներ են, ու գումարը բաժանեցին տարիների ու մանկապարտեզների թվի վրա, ստացվեց մոտ 663 հազար դրամ:

Հնգամյա ծրագրում թափառող շների, աղբավայրի, տրանսպորտի, նաև Գյումրիի զարգացման պոտենցիալներից մեկը համարվող տուրիզմն էր շատ թույլ ներկայացված, նկատեցին ավագու անդամները:

«Ի՞նչ ռազմավարություն, մարտավարություն կա տուրիզմի հետ կապված, որովհետև ես չեմ տեսել դա, անկեղծ, հնգամյա զարգացման ծրագրի մեջ» , - ասաց «Իմ հզոր համայնքը» գլխավորող Ռուբեն Մխիթարյանը։

ՔՊ ու «Մեր քաղաքը» խմբակցությունները հայտարարեցին, որ դեմ կքվեարկեն հնգամյա զարգացման այս ծրագրին:


Մանրամասները՝ «Ազատության» հեռուստառեպորտաժում.