Ապաշրջափակումից հետո Սյունիքով Ադրբեջանից Նախիջևան ճանապարհին ովքե՞ր են իրականացնելու սահմանային և մաքսային հսկողություն, վաշինգտոնյան բանակցություններից հետո սա այն հիմնական հարցերից է, որի պատասխանը լրագրողները փորձում են պաշտոնյաներից ստանալ:
Ուղիղ պատասխան այսօր փորձեցինք ստանալ նաև տարածքային կառավարման ՔՊ-ական նախարար Դավիթ Խուդաթյանից: Պաշտոնյան, սակայն, հարցը համարեց տեխնիկական, ապա ընդգծեց. - «Այդ հարցը պետք է հասցեագրվի այն աշխատանքային խմբերին, որոնք կձևավորվեն այս ծրագիրն իրականացնելու համար: Առնվազն այս պահին հրապարակման ենթական չէ»:
Միացյալ Նահանգներում հայ-ամերիկա-ադրբեջանական հռչակագրի ստորագրումից երկու շաբաթ առաջ այդ հարցի շուրջ Երևանն ու Բաքուն տրամագծորեն տարբեր պատկերացումներ ունեին: Իլհամ Ալիևը պնդում էր, թե Սյունիքով անցնելիս ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները «չպետք է հայ սահմանապահների կամ որևէ մեկի երեսը տեսնեն», հայկական կողմից հակադարձում էին՝ Հայաստանի համապատասխան ծառայություններին չհանդիպելու որևէ տարբերակ չկա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՀՀ երբևէ որևէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը. վարչապետի խոսնակԱդրբեջանցիները չպետք է հայ սահմանապահի երես տեսնեն. ԱլիևՀռչակագրի ստորագրումից առաջ Երևանն ու Բաքուն ինչպե՞ս են հարթել այս տարաձայնությունը, դետալներ հայտնի չեն: Բայց համաձայնեցված փաստաթղթում Հայաստանն անխոչընդոտ ճանապարհ է տրամադրում Ադրբեջանին: Հայ պաշտոնյաները շեշտում են՝ ցանկացած լուծման հիմքում տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքներն են: Վարչապետը Վաշինգտոնից վստահեցնում էր. - «Լիարժեք մեր ինքնիշխանության գործիքները չեն կարող նսեմացվել, ակնհայտ է: Դրա մեջ մտնում են թե՛ անձնագրային հսկողությունը, թե՛ մաքսային հասկությունը, և մեր պետական ինստիտուտները դրանք պետք է իրագործեն: Դեռևս 2022 թվականին, կարծեմ, մեր ստեղծած նախագծում գրել ենք, որ պատրաստ ենք որոշակի պարզեցումների»:
Դետալները, տարածքային կառավարման նախարարի խոսքով, պարզ կդառնան առաջիկայում, երբ կձևավորվեն աշխատանքային խմբերն ու կսկսեն աշխատել: Թե դա երբ կլինի, պաշտոնյան ժամկետներ չնշեց, բայց ընդգծեց՝ ստուգման մեթոդների շուրջ որոշումներն էլ կկայացնեն մասնագիտական այդ խմբերը:
«Ստուգման մեթոդի մասին ինֆորմացիա չեմ կարող տալ, որովհետև դա իրականում նեղ մասնագիտական հարց է ու այդ մեթոդիկայի հարցով ես չէ, որ պետք է ինֆորմացիա փոխանցեմ», - ասաց Խուդաթյանը: