ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է, որ ուրբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում նախատեսված բանակցությունները կառուցողական կլինեն, որոնց գլխավոր նպատակը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելն է։ ԱՄՆ նախագահը նշել է՝ չնայած Պուտինը քանիցս հիասթափեցրել է իրեն, սակայն կարծում է, որ նրա հետ հնարավոր կլինի համաձայնության գալ:
Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ Թրամփն ընդգծել է՝ Պուտինի հետ հանդիպումը փորձնական կլինի, իսկ դրանից հետո մտադիր է կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը, քանզի խաղաղություն հաստատելու համար Ուկրաինան ու Ռուսաստանը ստիպված կլինեն որոշ տարածքներ զիջել:
«Ես այնտեղ կլինեմ, եթե նրանց անհրաժեշտ լինի, բայց ուզում եմ երկու առաջնորդների հանդիպում կազմակերպել … քանզի որոշ տարածքների փոխանակում կլինի։ Ես դա գիտեմ Ռուսաստանի և բոլորի հետ զրույցներից», - ասել է նա:
Ուկրաինայի նախագահը մշտապես ասել է, որ չեն զիջի իրենց տարածքները, օրերս էլ Վլադիմիր Զելենսկին նշել էր, թե ցանկացած լուծում, որն Ուկրաինայի դեմ է, այն խաղաղության դեմ է և ոչ մի արժեք չունի: Երեկ էլ պնդել է՝ չկա որևէ նշան, որ ռուսները պատրաստվում են խաղաղության, ավելին՝ ռուսական զորքը պատրաստվում է նոր հարձակման. - «Հակառակը, իրենց զորքերն ու ուժերը տեղաշարժում են այնպես, որ նոր հարձակումներ սկսեն։ Եթե որևէ մեկը պատրաստվում է խաղաղության, ապա նման բան չի անում»:
Ուկրաինացիները մեծ ակնկալիքներ չունեն Ալյասկայի հանդիպումից:
Ալյասկայի հանդիպմանն ընդառաջ Bloomberg-ը նշում է, թե Եվրոպան և Ուկրաինան մտահոգված են, որ Պուտինը կրկին կխաբի Թրամփին և ժամանակ կշահի: Ու եթե Թրամփը ցանկանում է փրկել լավ գործարքներ կնքողի իր կերպարը, ապա ճիշտ կանի հետաձգի հանդիպումը, որպեսզի ավելի լավ պատրաստվի դրան:
The New York Times-ի փոխանցմամբ՝ վերջին ամիսներին Կիևի մտավախությունն այն էր, որ Թրամփը համարում է, որ խաղաղության շուրջ համաձայնությունը գործարք է անմիջապես իր և Պուտինի միջև, ինչպես Ռուզվելտը, Ստալինը և Չերչիլը բաժանեցին Եվրոպան 1945-ին՝ Յալթայի համաժողովում։ Ըստ թերթի՝ այդ հանդիպումը սիմվոլն է դարձել այն վտանգների, որ ծագում են, երբ գերտերությունները գործարքներ են կնքում: Արդյունքում բաժանում են աշխարհը, ինչից տուժում են ավելի փոքր երկրները, իսկ ազատ հասարակությունները հայտնվում են ավտորիտար կառավարման ներքո։
Ուկրաինացի քաղաքական մեկնաբան Վլադիմիր Ֆեսենկոն, «Ազատության» «Նաստոյաշչեե Վրեմյա» հեռուստաալիքի հետ զրույցում անդրադառնալով տարածքների փոխանակման սցենարին, ասել է, որ կոնկրետ ոչինչ հայտնի չէ դրա մասին, և դա որոշակի լարվածություն է առաջացնում։ Ըստ նրա՝ Պուտինը ցանկանում է որոշ զիջումներ անել, որպեսզի պահպանի բանակցությունները շարունակելու և Թրամփի հետ հարաբերությունները վերականգնելու հնարավորությունը:
«Իրականում, Ալյասկայում բանակցությունները արդեն զիջում է Պուտինի կողմից, քանզի նա համաձայնել է քննարկել հրադադարի հարցը: Հիշեցնեմ, որ չորս ամիս առաջ դա տաբու էր Ռուսաստանի համար», - ընդգծել է Ֆեսենկոն:
Այս ֆոնին Եվրամիության անդամ 26 երկրների ղեկավարներն այսօր հայտարարել են, որ Ուկրաինան պետք է ազատ լինի որոշելու իր ապագան, իսկ խնդրի դիվանագիտական լուծումը պետք է պաշտպանի Ուկրաինայի և Եվրոպայի շահերը։ Հայտարարությանը չի միացել միայն Հունգարիան, որը, որպես կանոն, դաշինքից տարբերվող դիրքորոշում ունի այս հարցում:
Երեկ էլ հեռավար հանդիպել էին ԵՄ անդամ երկրների արտգործնախարարներ: ԵՄ արտգործնախարարը հայտնել է, որ աջակցում են ԱՄՆ քայլերին, որոնք կհանգեցնեն արդար խաղաղության։ Կայա Կալլասը սոցցանցում գրել է, որ ԵՄ-ն նաև աշխատում է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու, Ուկրաինային ռազմական աջակցությունը մեծացնելու և ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացին ավելի շատ աջակցելու ուղղությամբ:
Ալյասկայի հանդիպումից մի քանի օր առաջ Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են հարվածել միմյանց: DeepState նախագծի տվյալներով՝ ռուսական զորքն արագ առաջ է գնացել Պոկրովսկ քաղաքից դեպի հյուսիս՝ երկու ուղղությամբ: Ուկրաինական զինուժն, իր հերթին, հայտարարել է, որ երկու գյուղ է վերցրել Սումիում: