Մատչելիության հղումներ

Շտապօգնությունն ուշացումով է ժամանում, երբեմն՝ առանց բժշկի. ահազանգեր Ալավերդու ծառայությունից ու արձագանք


22-ամյա տղային ջրից մի կերպ հանել են, զանգել Շտապօգնություն, «տեղ են հասել շուրջ մեկ ժամ անց»: Տատիկի համար կանչ են գրանցել, բայց զանգը ոչ մի կերպ տեղ չի հասել, ոտքով են գնացել մեքենա բերելու, իսկ գիտակցությունը կորցրած 70-ամյա տղամարդուն շտապօգնության մեքենան, առանց բժշկի, միայն բուժքույր, «մոտեցել է մեկ ժամ անց, բժիշկը 4 ժամից է տեղ հասել»: Վերջին շրջանում Ալավերդու շտապօգնության աշխատանքի վերաբերյալ ահազանգերից մի քանիսն են միայն։

Ի՞նչ է կատարվում Առողջապահության նախարարության կողմից ակտիվ ռեֆորմի ենթարկվող մարզային շտապօգնության ծառայությունում։

«Սա անփութություն է, անպատասխանատվություն, այսինքն՝ թքած ունեն վատացողի, ընդհանրապես մարդու առողջության վրա», - «Ազատությանն» ասաց լրագրող, բլոգեր Վոլոդյա Հովսեփյանը:

Շուրջ երկու շաբաթ առաջ նրա հայրը՝ Գագիկ Հովսեփյանը, Դսեղի իրենց տան բակում գործ անելիս անսպասելի ընկել է, կորցրել գիտակցությունը։ Որդին պատմում է՝ երկու րոպե անց զանգել են շտապօգնություն։ Ալավերդիից Դսեղ 21 կիլոմետր է, եկել են մեկ ժամ անց առանց բժշկի, բուժքույրն էլ, ըստ Վոլոդյայի, պնդել է՝ ինքը ոչինչ անել չի կարող առանց բժշկի՝ ոչ տեղափոխել, ոչ դեղ ներարկել։

«Ասում եմ՝ բա լավ, ո՞ւր եք եկել, եթե ոչ մի արդյունք չես ցուցաբերում», - ասում է նա:

Վոլոդյա Հովսեփյանի խոսքով՝ բուժքույրը իր՝ մինչև այս որևէ առողջական խնդիր չունեցած հորը որևէ ծառայություն չի տրամադրել, պնդում է՝ առանց լիարժեք զննման ասել է՝ մահացած է։ Գուցե բժիշկը գա, հարազատները մահն աչքաչափով արձանագրելու այս որոշումը ընդունելի չեն համարել։ Այժմ էլ, թեպետ սիրելի հայրիկին ոչ մի բողոք էլ չի վերադարձնի, միևնույնն է՝ ուզում են ահազանգել, որ այս ծառայությունը ոչ շտապ է, ոչ էլ բուժօգնություն է։

«Չգիտեմ, հորս միգուցե շտապօգնությունն արդեն ոչինչ էլ չկարողանար անել, բայց ամեն դեպքում այդ վերաբերմունքը, փնթիությունը, ուշացածություն անպարտաճանաչություն են, որ նրանք մարդ էլ չեն կարողանա փրկել», - նշեց նա:

Վարդավառին Հաղպատի մոտ օրը նշող 22-ամյա երիտասարդը ջրում խեղդվում էր, մարդիկ հավաքվել, մի կերպ դուրս են բերել նրան՝ անգիտակից, բայց ողջ։ Այս մասին «Իրական աշխարհ, իրական մարդիկ» կազմակերպության ղեկավար Ժենյա Մայիլյանն էր պատմել սոցցանցի իր էջում։

«Զանգից մոտ 35 րոպե անց մոտեցել են ԱԻՆ-ի 4 աշխատակիցներ, որից մոտ 5 րոպե հետո մոտեցել է պարեկային ծառայության 4-5 մեքենա։ Հետո զանգից միայն 50 րոպե անց մոտեցել է շտապօգնության մեքենան։ Մեքենայում էր բուժքույրը, որը խիստ հուզված էր, որ իրեն տնից հանել են իր ազատ օրը, և վարորդը։ Նույնիսկ բժիշկ չկար», - գրել է նա։

Որովհետև մեքենան այլ կանչի էր գնացել, Ալավերդու բուժկենտրոնի տնօրեն Լորա Սարգսյանն այսպես է հիմնավորում. «Ինչքա՞ն շուտ գնար, բերելիս են եղել հիվանդանոց, մեքենայի մեջ մահացել է»:

Ըստ Լորա Սարգսյանի՝ հանգուցյալն էլ լողալ չի իմացել։ Թե սա ինչ կապ ունի ծառայության ուշացման հետ, հայտնի չէ։

«Ոչ սթափ վիճակում ինքը մտել է լողանալու՝ լող չիմանալով, մինչև շտապի գնալն ԱԻՆ-ն է այնտեղ եղել, ԱԻՆ-ը կարար չէ՞ տեղափոխեր, եթե անհապաղ էր», - ասաց նա:

Ինչո՞ւ պիտի փրկարարների մեքենայով տեղափոխվեր, եթե վերազինված ու բոլոր անհրաժեշտ սարքերով զինված շտապօգնության մեքենաների ձեռքբերման մասին առողջապահական գերատեսչությունը հաղորդում է պարբերաբար, նախարար Ավանեսյանն էլ անձամբ զննում դրանք ներսից ու դրսից։ Լորա Սարգսյանն ասում է՝ Ալավերդու բուժկենտրոնում ընդամենը 7 մեքենա ունեն, դրանցից երեքն են ամեն օր աշխատում, մեկը՝ սպասում, եթե հիվանդին պետք է Երևան տեղափոխել, մյուս երկու մեքենաների հույսին են Ալավերդու խոշորացված համայնքի 29 գյուղերը։

«Նախկին տնօրինությունը դիմել է, որ խոշորացումից հետո մեր տարածքը մեծացել է, խնդրում ենք գումար տրամադրեք, որ մենք կարողանանք այդ կանչերն սպասարկել: Այդ հարցը բարձրացվել է, բայց նոր-նոր ուզում են լուծած լինել», - նշեց Սարգսյանը:

Իսկ ինչո՞ւ է բժիշկը Դսեղ հասել կանչից 4 ժամ անց, բուժկենտրոնի տնօրենը պնդում է՝ բուժքույրը շատ փորձառու էր, վերապատրաստված, տղամարդը մահացած է եղել, բժշկական վերակենդանացման աշխատանքի կարիք չի եղել։ Իսկ եթե լիներ։ Ըստ տնօրենի՝ շտապօգնությունն ընդամենը երեք բժիշկ ունի, բոլորն էլ աշխատում են գիշերը, որովհետև, բացատրում է, ցերեկը եթե մարդուն մի բան լինի, գյուղի բժիշկը կա, պոլիկլինիկան, հիվանդանոցը, իսկ գիշերը այս բոլորը քնած են, և արթնանում են շտապի երեք բժիշկները։ Այդքան ֆինանսավորում չունեն, որ շտապը 24 ժամ բժիշկ ունենա։

Լորա Սարգսյանը շեշտում է՝ նախկինում մի բժիշկ էր ընդամենը, ու ոչ մի բողոք: Ասում է՝ անցած տարվանից ծառայությունը բարեփոխվում է, շուտով կավարտվի, ու ամեն ինչ կընկնի տեղը։ Իսկ բարեփոխումն այն է, որ հանրապետական շտապօգնության ծառայությունն է այժմ գործում՝ հյուսիսային օպերատիվ կառավարման կենտրոնով, Գյումրիում։ Այստեղից են կոորդինացվում Շիրակի, Լոռու, Տավուշի և Արագածոտնի մարզերի կանչերը։ Ալավերդու բուժկենտրոնի տնօրենը շեշտում է՝ իրենց տարածքի կանչերը այժմ Գյումրիից են կառավարում, իսկ ռեֆորմը բուն բուժօգնությանը դեռ չի հասել։

«Հիմա ռեֆորմը որ կլինի, ինձ թվում է՝ շատ լավ կլինի, ռեֆորի սկիզբն է միայն դեռ եղել, ռեֆորմը մի ամսից կվերջանա», - նկատեց նա:

«Ազատություն»-ը մեկնաբանություն խնդրեց Առողջապահության նախարարությունից։ Այստեղից ստացված պատասխանը՝ գիտեն ընդհանուր իրավիճակի մասին, մեկնարկել է շտապօգնության ծառայության բարեփոխման գործընթացը, և առաջիկայում Ալավերդու շտապօգնության ծառայությունը ևս կմիանա հանրապետական շտապօգնությանը։ Այդ ժամանակ Ալավերդու մեքենաները կթարմացվեն, շուրջօրյա բժիշկ կլինի բրիգադում. և կանչերն էլ տեղ կհասնեն, փոխանցեցին նախարարությունից։

Ալավերդու բուժկենտրոնի տնօրենը շեշտում է՝ ծառայությունը բոլորովին գրավիչ չէ մասնագետների համար։ Աշխատավարձից բացի, հիվանդի հարազատները նաև բռնություն են կիրառում. «Երբեմն այնպիսի տիտանական աշխատանք ես անում, որ ոչ մեկը շնորհակալություն չի ասի, դա մեր պարտքն ենք համարում: Տատիկը 200 մետրի վրա զանգ չենք ստացել, մենք առանց կանչ գրանցելու ենք գնացել, բերել»:

Իսկ տատիկի պատմության մասին Լիլիթ Մարգարյանն էր գրել։ Խայտառակ ու ամոթալի է որակել շտապօգնության որակը։ Շտապի մեքենաներից 600 մետրի վրա էր վատացել ալավերդցի տատիկը:

«Տատիկը ԲԿ-ից հեռու էր ընդամենը 600 մետր, սակայն չէր կարողանում քայլել։ Կանչից մոտ 20 րոպե անց մենք ինքներս մոտեցանք «Ալավերդու ԲԿ»՝ հասկանալու, թե ինչու չեն արձագանքում մեր կանչին։ Այնտեղ մեզ հրամցրեցին իրենց պլանշետը ու հայտարարեցին, որ «համացանցի խնդիր կա, չենք կարող ոչինչ անել»», - հայտարարել էր Լիլիթ Մարգարյանը։

Բուժկենտրոնի տնօրենը պնդում է՝ ոչ իրենց մեղքով կանչ չի գրանցվել, զանգ չի հասել իրենց։ Մարդիկ եկել են, ասել, իրենք էլ գնացել են, օգնել տատիկին։ Ըստ ահազանգող Լիլիթ Մարգարյանի՝ մեքենայում պատգարակ չի եղել, տատիկը բարձրանալիս ոտքն է լրջորեն վնասել։ Տիկին Սարգսյանը պնդում է՝ պատգարակ եղել է, քաղաքացին ինքն է հրաժարվել։

Առողջապահության նախարարը հաշվետվությունների ժամանակ պարբերաբար զեկուցում է՝ ոլորտի բյուջեն ավելանում է, առողջապահական ցուցանիշները՝ զուգահեռ լավանում ու լավանում։ Իսկ թե մարզային շտապօգնության ծառայությունը երբ շտապ տեղ կհասնի, պաշտոնական պատասխանը՝ ռեֆորմն ընթացքի մեջ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG