«Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանքը Հակակոռուպցիոն դատարանըերկու ամսով երկարաձգեց: Շուրջ տասը ժամ տևած նիստում այդպես էլ քննիչն ու դատարանը չեն կարողացել հիմնավոր փաստարկել՝ ինչու պետք է գործարարը մնա բանտում, պնդում է նրա փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը. «Մեղմ ասած իրավական ամենաթողություն է: Մի շարք հարցադրումներ տրվեցին քննիչին, դրանց վերաբերյալ չստացանք որևէ պատասխան»:
Սամվել Կարապետյանը Ազգային անվտանգության ծառայության նկուղում փակված է երկու ամիս: Նա վարչապետի ու իրավապահների թիրախում հայտնվեց եկեղեցին Փաշինյանի արշավից պաշտպանելուց ժամեր անց: Մայր Աթոռի պաշտպանությանն անդրադառնալով՝ գործարարն ասել էր. «Եթե դա չհաջողվի քաղաքական գործիչներին, մենք այդ ամեն ինչին կմասնակցենք մեր ձևով»: Այս խոսքերից հետո նրան մեղադրանք առաջադրեցին իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածով. «Խոսքը մեր ձևով գործընթացին մասնակցելու հայտարարության մասին է» , - ընդգծում է փաստաբանը:
«Տաշիր գրուպ»-ի սեփականտիրոջ մեղադրանքը հետագայում լրացվեց փողերի լվացման, հարկերը չվճարելու և խարդախություն կազմակերպելու հոդվածներով: Ըստ փաստաբան Վարդևանյանի՝ սրանց դեպքում կալանքը երկարաձգելու հիմնավոր կասկած դատարանը չի տեսել. «Որևէ առնչություն Սամվել Կարապետյանին չկար, նույնիսկ դրա նվազագույն տվյալ չէր ներկայացվել, երբ մենք ի սկզբանե էինք ասում, այդ մասով դատարանը կարողացավ արձանագրել ակնհայտը»:
Երկարաձգելու որոշումը վերաբերում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչի մեղադրանքին: Սրա միակ ապացույցը, ըստ փաստաբանների, տեսանյութն է, որը հունիսի 17-ից հրապարակված է, ամբողջ համացանցում կա ու Քննչականում. «Դատավոր Տիգրան Դավթյանը փաստացի գտնում է, որ այդ տեսանյութը, որը առկա է, այնպես, ինչպես հիմա մեր հարցազրույցը, երբ կավարտվի, այլևս միշտ լինելու է հասանելի, գտնում է, որ դրա նկատմամբ կարող է տեղի ունենալ խոչընդոտում»,- ընդգծում է Կարապետյանի փաստաբանը:
Եթե միակ իրեղեն ապացույցն արդեն հրապարակված է, դրան ինչպե՞ս կարող է խոչընդոտել Կարապետյանը, ի՞նչ ռիսկեր են տեսնում քննիչն ու դատարանը, եթե գործարարը ազատության մեջ մնա. «Չեմ պատկերացնում, որովհետև դրա բացվածքը չի տրամադրում դատարանը: Քննիչը կանխակալ կարող է լինել, մեր իրականության մեջ հիմնականում այդպես է: Բա դատավորը պե՞տք է չէ նշվածը գնահատեր, ասեր՝ ոնց է ստացվում հարցազրույցում ասել է՝ «մենք Մայր Աթոռը կպաշտպանենք մեր ձևով մասնակցելով այդ գործընթացին, և դա վերածվի իշխանությունը բռնությամբ զավթելու կոչի»,- ասաց Արամ Վարդևանյանը:
Սամվել Կարապետյանը բանտից հայտարարել է քաղաքական ուժ ձևավորելու որոշման մասին: Այդ ուղղությմաբ քայլերը սկսվել են և խոստանում են առաջիկայում ներկայացնել այն նախաձեռնությունը, որի հիման վրա էլ կստեղծվի այդ ուժը: Չնայած այս քայլերին, դատարանը կասկածներ ունի, որ քաղաքական հավակնություններ ունեցող ու «Ֆորբս»-ի ցանկով միլիարդատերը փախուստի կդիմի. «Այսինքն՝ լինելով հանրային անձ, լինելով անձ, որ հուլիսի 4-ին հայտարարեց իր քաղաքական հայտի մասին, հուլիսի 14-ին հայտարարեց քաղաքական թիմ ձևավորելու մասին, պետք է ենթադրյալ միջին ծանրության, որի պատիժը սկսվում է տուգանքից, այդ տուգանքով պատժից վախենալու համար պետք է թաքնվի քննությունից»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Կարապետյանի փաստաբանը:
Գործարարի պաշտպանական խումբը դատարանի այս որոշումը կբողոքարկի վերաքննիչ դատարանում: Նրանք ավելի վաղ դիմել էին նաեւ Մարդու իրավուքների եվրապական դատարան: Այստեղ դեռ զարգացումներ չկան:
Փաստաբաններն այս գործը որակում են քաղաքական հետապնդում՝ հիմնավորելով նաև վարչապետ Փաշինյանի հրապարակային ակտիվությունն ու գրառումները՝ իրավապահների գործողություններին զուգահեռ: Այս գործը քաղաքական վերժխնդրությունէ որակել նաև գործարարի պաշտպանական թիմին միացած ամերիկացի հեղինակավոր փաստաբան Ռոբերտ Ամստերդամը: