Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմերի հետ համագործակցություն չի լինելու՝ հայտարարում է Սամվել Կարապետյանի եղբորորդին


Միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդին հայտարարում է՝ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմերի հետ միասնական հանդես չեն գալու, նրանց հետ համագործակցություն չի լինելու: «Սամվել Կարապետյանի թիմը հանդես է գալու իր քաղաքական ուղերձով, իր քաղաքական ճանապարհով, մեր ճանապարհով և մեր ձևով ենք հանդես գալու» , - լրագրողների հետ զրույցում ասել է Նարեկ Կարապետյանը:

Քաղաքական նոր ուժ ստեղծելու որոշման մասին «Տաշիր» ընկերությունների սեփականատերը հայտնեց ԱԱԾ մեկուսարանից, ուր հայտնվեց հայ առաքելական եկեղեցուն պաշտպանող իր հայտարարությունից հետո: Հենց բանտից էլ Կարապետյանը փոխանցեց իր գլխավոր ուղերձը՝ «Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը Հայաստանում անելիք չունեն»:

Ընդդիմադիր տարբեր ուժեր այս ընթացքում աջակցել են գործարարին՝ նրան համարելով քաղբանտարկյալ: Գործող իշխանության դեմ պայքարում Սամվել Կարապետյանի նոր ուժի հետ համագործակցության հեռանկարից Հանրապետական կուսակցությունից մինչ այժմ հստակ չեն խոսել: Կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանը պնդում է՝ ՀՀԿ-ն առհասարակ հաջորդ տարի սպասվող ընտրությունների օրակարգը չի քննարկել անգամ կուսակցության ներսում. «Բնականաբար տրամաբանական չէ եզրակացնել, որ Հանրապետականը այս կամ այն ուժի հետ, առավելևս Սամվել Կարապետյանի հետ քննարկում է ունեցել հնարավոր դաշինքների շուրջ: Ես կարծում եմ, որ այդ արաձագանքն ավելի շատ պայմանավորված է նրանով, որ իշխանությունը անընդհատ փորձում է տարբեր մանիպուլյացիաներ անել, կեղծ տեղեկատվություն դաշտ մտցնել՝ ցույց տալու Սամվել Կարապետյանի առնչությունն այս մարդուն, այն մարդուն, դրա վրա կառուցում ստերի կայսրություն և կարծում եմ, պատասխանը դրան է եղել, այլ ոչ թե հիմնված որևէ իրական դաշինքի» , - ասում է Աբրահամյանը:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած դաշինքից համագործակցության հեռանկարն այս ընթացքում չեն բացառել: Ավելին՝ այդ մասին անձամբ Ռոբերտ Քոչարյանն է խոսել և պնդել, թե այսօր քաղաքական դաշտում կա 2 մեծ միավոր՝ «Հայաստան» դաշինքը և Սամվել Կարապետյանի ուժը:
Քոչարյանի թիմակից պատգամավոր Աննա Գրգորյանը կարծում է՝ չհամագործակցելու մասին Նարեկ Կարապետյանի հայտարարությունը վերաբերում է նախընտրական փուլին: Իսկ այդ փուլում «Հայաստան» դաշինքը ևս այլ ուժի հետ միավորվելու տարբերակ չի դիտարկում. «Ես կարծում եմ, որ ընդամենը նախընտրական գործընթացներում սեփական դիրքավորումն ընդգծելու մասին է այն հայտարարությունը, որն արել է Նարեկ Կարապետյանը: Ես Կարծում եմ, այս պահին առկա դիրքորոշումները, հաշվի առնելով և՛ մեր կողմից, և՛ Սամվել Կարապետյանի թիմի կողմից, պետք է հստակ արձանագրել, որ յուրաքանչյուրս առանձին քաղաքական ուժեր ենք, յուրաքանչյուրն իր ուրույն ճանապարհով է գնալու: Հետագա գործընթացների մասին կարծում եմ շատ վաղ է այս փուլում որևէ բան քննարկել ու կանխատեսումներ անել» , - ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Արդեն երկու ամիս կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան էջում գրեթե ամեն օր իշխանության թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը քննադատող գրառումներ են: Իշխանափոխության հասնելու համար ինչ թիմ է Կարապետյանն իր շուրջը հավաքելու, դեռ հայտնի չէ, բայց նրա երղբորորդին երեկ որոշ փակագծեր բացեց՝ շուտով հանրությանը կներկայացնեն «Մեր ձևով» շարժումը և հիմնական նպատակները: Ներգրավվելու են տաբեր ոլորտների լավագույն մասնագետներին և ապաքաղաքական մասնագիտական խմբերով ձևավորեն այնպիսի առաջարկ, որը կներկայացնեն ժողովրդին. «Դրանից հետո արդեն կձևավորվի քաղաքական ուժը, որը կվերցնի որպես ծրագիր «Մեր ձևով» շարժման առաջարկած ծրագրերը, որով մենք պետք է առաջնորդվենք» , - ասաց Նարեկ Կարապետյանը:

«Մեր ձևով» շարժումը, որի շուրջ Կարապետյանները մտադիր են համախբում ձևավորվել, ըստ նրանց լինելու է ապաքաղաքական: Քաղաքական հավակնություններ ունեցող ուժն ինչպես կարող է ապաքաղաքական նախաձեռնությամբ հանդես գալ: Նարեկ Կարապետյանը երեկ արձագանքեց նաև սրա շուրջ ծավալված քննադատություններին. «Մեր առաջարկը՝ որպես գործարար աշխարհի, կազմակերպչական փորձ ունեցող թիմի առաջարկ, լինելու է ուրիշ. նախ ներկայացնելու ենք տնտեսական, առողջապահական, սոցիալական ծրագիրը, հետո հանդես ենք գալու քաղաքական ուղերձներով: Ծրագրերը հասարակությանը ներկայացնենք, մարդիկ կնայեն, կտեսնեն՝ իրենց համար ընդունելի է, թե ոչ, նոր Սամվել Կարապետյանը քաղաքական ուղերձներով հանդես կգա»,-ասաց Նարեկ Կարապետյանը:

Միլիարդատեր գործարարը, սակայն, նախընտրական ցուցակ գլխավորել և վարչապետի թեկնածու դառնալ չի կարող: Հայաստանի օրենսդրությունն երկքաղաքացիների դեպքում արգելք է սահմանում: Այս դեպքում ով կգլխավորի ցուցակը, նրա թիմը դեռ չի բացահայտում:

XS
SM
MD
LG