Որ Բագրատ սրբազանին վերագրվող մտքերը խեղաթյուրված ու կոնտեքստից կտրված են, ապացուցվեց նաև Քննչականի հրապարակած ձայնագրությամբ, պնդում է ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքով կալանավորված հոգևորականի փաստաբանը: «Ինչպես ամենասկզբում ասել եմ՝ մոնտաժված է, կոնտեքստից կտրված է, խեղաթյուրված, նպատակը՝ քարոզչությունն է ու ատելության խոսքի գեներացումը», - ասում է Հովհաննես Խուդոյանը:
Փաստաբանը նկատի ունի գաղտնալսված զրույցի սղագրված այն հատվածը, որտեղ Բագրատ արքեպիսկոպոսը «գյուլլելու» մասին մտքեր է ասում: Նրա պատկերացմամբ՝ պետության դեմ դավաճանաբար գործող մարդկանց պետք է գնդակահարել ու ընտանիքներին փոխհատուցում տալ: Ու այս միտքը Գալստանյանն ասում է, երբ նա ու նրա զրուցակիցը խոսում են պետության պաշտպանության հիմքեր ստեղծելու մասին, որ այլ պետություններից կախվածություն չլինի, ու պատերազմի ժամանակ բոլորը կարողանան դիմադրել հակառակորդին:
«Սա ընդամենը մեկ էպիզոդի վերաբերյալ է: Իրականում, այնտեղ կան էլի տվյալներ, որոնց վերաբերյալ հերքող նյութեր մեր կողմից լինելու են ընթացքում», - հավելեց Խուդոյանը:
Գլխավոր դատախազության միջնորդությունում, որը քննարկվեց խորհրդարանում ու դրա հիման վրա կալանավորեցին պատգամավոր Արթուր Սարգսյանին, այս հատվածը բոլորովին ուրիշ բովանդակությամբ է ներկայացվում: Երկխոսության մեջ ռազմականացված պետության ու պաշտպանության հատվածը չկա, գնդակահարելու վերաբերյալ արքեպիսկոպոսի խոսքերն էլ մարդկանց իր պայքարին հավաքագրելու երկխոսության հատվածում են: Այսինքն՝ կոնտեքստը այլ է ստացվում, հոգևորականի խոսքերին նախորդող ու հաջորդող հատվածները չկան, որոնք լսվում են Քննչականի ձայնագրությունում: «Որպեսզի այս խոսակցությանը նաև լրացուցիչ կոնտեքստ ապահովեն, որ մեր ասածով չլինի, որ կոնտեքստից կտրված է, միայն հատվածական է, իրենք այլ տեղերից բերել են և դիալոգ են կազմել՝ արհեստական ձևով: Բայց դրան նախորդող ու հաջորդող խոսակցություններն ընդհանրապես այդ մտքի հետ կապ չունեն, ինչը ձայնագրությունով ակնհայտ երևում է», - պնդում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի փաստաբանը:
Միայն Գլխավոր դատախազության ու Քննչականի ներկայացրած հատվածներում չեն հակասությունները, Քննչականի ձայնային ու տեքստային տարբերակում էլ հատվածները կրճատված ու խեղաթյուրված են, պնդում է Խուդոյանը: Ըստ նրա՝ տեքստի մեջ ավելացրել են ձևակերպումներ, որ չկան գաղտնալսված ձայնագրությունում: Եվ չկա գնդակահարելու վերաբերյալ արքեպիսկոպոսի բացատրությունը, որ ձայնագրությունում կա: Եթե, ինչպես պնդում է փաստաբանը, իրավապահները մոնտաժել են, խեղաթյուրել, որ ահաբեկչության գործ «կարեն», ինչո՞ւ են հենց իրավապահներն էլ հրապարակել միմյանց հակասող այս ապացույցները. «Ենթադրություն մեկ, որ առանձնապես չեն մտահոգվել այդ թեմայով, ենթադրություն երկու, որ փնթի են աշխատել, ենթադրություն երեք, որ քննչական մարմինները սաբոտաժ են անում այս քաղաքական պատվերները՝ պատվերը կատարելով հանդերձ, փաստաբաններին գոնե ինչ-որ տվյալներ են տրամադրում», - ասում է Խուդոյանը:
Գլխավոր դատախազության միջնորդության սղագրությունից «գյուլլելու» հատվածը իշխանականներն ամենաշատն էին մեջբերում ու հոգևորականին ու նրա թիմակիցներին «տեռորիստ» որակում: Մինչդեռ, այս խոսքերը, ըստ փաստաբանի, իր պաշտպանյալն ընդհանուր համատեքստում է ասել, անհասցե:
Հրապարակված ձայնագրությունից հետո փոխվե՞լ է իշխանականների դիրքորոշումը, թե՞ հիմա էլ են պնդում, որ արքեպիսկոպոսը կոնկրետ այդպիսի ծրագիր ուներ:
«Ում ուզում է վերաբերի՝ իշխանության ներկայացուցչին վերաբերի, թե ընդդիմության ակտիվիստին՝ առհասաևակ, անթույլատրելի է ցանկացած մարդու պատերի տակ գյուլլել և ընտանիքներին կոմպենսացիա տալ՝ բերանը փակելու համար», - իշխող թիմից պատգամավոր Հասմիկ Հակոբյանն ասաց՝ իր համար նշանակություն չունի՝ ի՞նչ կոնտեքստում է խոսել Բագրատ Գալստանյանը, ուղիղ հասցեատեր նկատի ունեցե՞լ է, թե՞ ոչ: Դեմ է, որ հոգևորականի բառապաշարում այդ բառը լինի. «Էդ նախադասությունը, ինչ կոնտեքստում ուզում ես օգտագործի, անհամատեղելի է հոգևորականի հետ և անընդունելի է ցանկացած ժողովրդավար պետության համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորը:
Այն իշխանականները, որ վրդովված էին այդ ձևակերպումից ու իրենց ելույթներում հատուկ շեշտում էին այդ միտքը, այսօր «Ազատության» զանգերին չպատասխանեցին:
«Իրականում ակնհայտ ապօրինի հետապնդում է իրականացվում», - ասում է փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
Ահաբեկչության ու իշխանությունը յուրացնելու փորձի գործով 18 մեղադրյալ կա: Բագրատ Գալստանյանի գործով քննությունը մեկուկես ամիս տևեց, այն արդեն դատարանում է: Փաստաբանը ենթադրում է՝ այս շաբաթվա վերջ էլ նիստը կլինի: Ըստ «Դատալեքս»-ի՝ գործում 103 փաթեթ իրեղեն ապացույց կա: