Վանաձորցի Գայանե Շաքարյանի՝ մտավոր հետամնացություն ունեցող որդին Հայաստանի սահմանին զենք է կրում, 20 օր առաջ բանակ է զորակոչվել ու ծառայում է հրաձգային գնդում: Զինվորի մայրն ահազանգում է՝ որդին ի ծնե այնպիսի առողջական խնդիրներ ունի, որոնք վտանգավոր կարող են լինել ոչ միայն իր, այլև զինակից ընկերների համար:
«Նա անունով 19 տարեկան ա, բայց նա 4-րդ-5-րդ դասարանի էրեխու մակարդակ ունի», - «Ազատության» հետ զրույցում ասաց կինը՝ շարունակելով. - «Ու հիմի էսօր ինքը ընկել ա հրաձգային գունդ, ու էսօր նրան տալիս են ավտոմատ, որ նա սպասոբնի ա ... Նա իմ էրեխան ա, չէ՞, բայց ես գիտեմ՝ իրա էդ վախից կլինի, ինչից կլինի, նա համ դեմի ... մենակ իմ տունը չի քանդվի, մենակ ինձ չի դա վնաս էղնի, էս չգիտեմ, ով որ իրան մի բան՝ դուք պատկերացնում ե՞ք ինչ հետևանք կունենա շրջապատին»:
Ինքը՝ Գայանեն, բարդ ծննդաբերություն, Կարենն էլ՝ ի ծնե խնդիրներ է ունեցել: Մինչև 6 տարեկանը չի խոսել ու մեկ տարի ուշացումով է դպրոց գնացել: Դպրոցում մշտապես եղել է հոգեբանի, լոգոպեդի ու հատուկ մանկավարժի ուշադրության կենտրոնում: Անգամ այսօր խոսքը լիարժեք չէ, օտարների համար երբեմն անհասկանալի է, տարրական գրագիտություն չունի, պատմում է մայրը. - «Դպրոցում ինքը չի սովորել, ինքը անգամ էդ տարրական, իրա ստորագրությունը պասպորտի համար՝ ինքը անգամ էդ չունի, անգամ ինքն իրա անուն-ազգանունը գրելը չի կարողանում: Իսկ հիմի ինքը եթե նյարդայնանում ա, ընդհանրապես նրա խոսակցականը չես կարա հասկանաս»:
Զորակոչից առաջ բժիշկների ուղեգրով Կարենը ստացիոնար բուժում է ստացել հոգեբուժարանում: Մայրը ցույց է տալիս նյարդաբանի, հոգեբանի ու այլ մասնագետների եզրակացությունները՝ մտավոր հետամնացություն՝ վարքային խանգարումներով: Ասում է՝ ոչ մեկի մտքով չէր անցնի, որ եղած ակնհայտ խնդիրներով տղային բանակ կտանեն: Մինչդեռ զորակոչային բժշկական հանձնաժողովը բառ անգամ չի ասել, նախկինում եղած իրենց ախտորոշումներից որևէ մեկը հաշվի չի առել: Զորակոչից առաջ հերթական ծանուցումն են ստացել, գնացել են զինկոմիսարիատ՝ համոզված, որ Կարենը եղած առողջական խնդիրներով պիտանի չէ զորակոչի համար: Մինչդեռ պարզվել է՝ բանակ են տանում՝ Հայաստանի հյուսիսից՝ ուղիղ հարավ:
«Եթե ինչ-որ մի խնդիր էղնի, իրանց ասած, նա հետ կգա, սբոռնի պունկտից հետ կբերեն: Դե, ես էլ պատկերացրի՝ եթե հիմի կգնա, սբոռնի պունկտից անպայման հետ կգա, որովհետև է՛դ խնդիրներով, էդ խնդիրներով, անհնար էր տանել նրան», - ասաց Գայանեն:
Կարենը ոչ միայն ետ չի եկել հավաքակայանից, այլև արդեն 20 օր ծառայում է բանակում: Տարրական գրագիտություն չունեցող երիտասարդն արդեն երդում է տվել, լիարժեք ծառայության է անցել հրաձգային գնդում ու զենք է կրում:
«Զանգում լաց ա էղնում: Մի անգամ էլ էրեխեն ուզեցել ա իրան պատուհանից գցի, թե թռչի, թե քցի, ռազմականն ա տեսել», - փոխանցեց զինվորի մայրը, - «Ինձ տար», ասում ա՝ «ես ստեղ չեմ կարողանում, ինձ տար»:
Խնդրով զբաղվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Հայաստանյան օրենքներն ու Կարենի բժշկական ախտորոշումները ցույց են տալիս, որ նա պետք է ճանաչվեր ոչ պիտանի զինծառայության համար, ասում է փորձագետ Նազելի Մովսեսյանը: Թե ինչ է արձանագրել զորակոչային բժշկական հանձնաժողովն ու ինչպես է հակառակ եզրակացության եկել, պարզ չէ:
«Այսինքն. մենք կարող ենք ասել, որ հետազոտությունները կա՛մ իրականացվել են թերի՝ զորակոչի շրջանակներում, կա՛մ ընդհանրապես չեն իրականացվել, ինչի հիման վրա կայացվել է սխալ որոշում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մովսեսյանը:
Իրավապաշտպան կազմակերպությունը դիմել է Պաշտպանության նախարարություն և հանրապետական զինկոմիսարիատ, պահանջել են կրկնակի հետազոտել արդեն զինվորական ծառայության անցած Կարեն Շաքարյանին և վաղաժամ զորացրել զինծառայողին: Նազելի Մովսեսյանն ասում է՝ անցել է ավելի քան երկու շաբաթ, ու դեռ պետական կառույցներից պատասխան չկա, չնայած հարցը խիստ հրատապ է: Թե՛ իրավապաշտպանը ու թե՛ զինվորի մայրն անհանգստացած են՝ հանկարծ պետական մարմինների կայացրած որոշումն անդառնալի հետևանքներ չունենա:
«Մենք եթե դիտարկենք հիմնականում Պաշտպանության նախարարության մոտեցումը, բոլոր դեպքերում հրապարակում են կատարում, որ զինծառայողը կատարեց ինքնասպանությունը, գործեց ինքնասպանություն՝ ցավակցական այս տողերով, և հիմքերը և դրա պատճառները այդպես էլ մնում են չբացահայտված: Հստակ ունենք պատճառ, հստակ ունենք խնդիր, որով չպետք է զորակոչվեր զինծառայության, անձը սակայն զորակոչվել է, և հույս ունեմ, որ չի հասնի գործը նրան, որ զինծառայողը իրոք դիմի որոշակի վտանգավոր քայլերի», - ընդգծեց իրավապաշտպանը:
Այսօր ավարտվում է ամառային զորակոչը: Այս զորակոչին Վանաձորի իրավապաշտպան գրասենյակը 70-ից ավելի բողոք է ստացել՝ 90 տոկոսը առողջական խնդիրների մասին։
Տարիներ շարունակ կազմակերպությունը բարձրաձայնում է, որ խնդիրը համակարգային է՝ զորակոչիկները, եթե չեն ընդունում բժշկական հանձնաժողովի եզրակացությունն իրենց առողջական վիճակի մասին, անկախ բժշկական հետազոտություն անցնելու հնարավորություն չունեն։ Բժշկական հաստատությունները հրաժարվում են զորակոչային տարիքի երիտասարդներին ստուգել, նշելով՝ «վերևից հրահանգ ունեն»։
«Բժշկական հաստատությունները, ակնհայտ վախենալով տարբերվող ախտորոշում տալւց, միանգամից հրաժարվում են հետազոտել, հղում են անում ինչ-որ, նույնիսկ չեն ասում՝ ինչ-որ կոնկրետ հրաման, ասում են, որ հրահանգված է զորակոչային տարիքի անձանց չհետազոտել առանց ուղեգրի», - նշեց Մովսեսյանը՝ հավելելով. - «Կարող ենք ենթադրել, որ կա ներքին համաձայնություն, որովհետև այլ բանի մասին դա չի խոսում»:
Պաշտպանության նախարարությունը դեռ չի պատասխանել նաև «Ազատության» երեկվա հարցմանը՝ արդյո՞ք կա իրավական որևէ ակտ, որն արգելում է զորակոչիկների անկախ բժշկական ստուգումը։ Արդյո՞ք նախարարությունը գիտի բանակ զորակոչված Կարենի ու նրա ինքնասպանության փորձերի մասին։ Մինչ պետական մարմինները կպատասխանեն, Կարենը մնում է բանակում՝ զենքը ձեռքին: