Հայ - ադրբեջանական նախաստորագրած համաձայնագրով Հայաստանի իշխանությունը լեգիտիմացնում է Ադրբեջանի հանցագործությունները` առանց ադրբեջանական ագրեցիայից տուժած հայաստանցիների ու արցախցիների իրավունքների պաշտպանության մեխանիզմներ ամրագրելու, պնդում է Արցախի նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը՝ երեկ հրապարակված փաստաթղթից երկու հոդված առանձնացնելով։
15-րդ կետով՝ համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում նախատեսվում է մինչև ստորագրման պահը առկա խնդիրներին վերաբերող բոլոր միջպետական հայցերի, գանգատների, բողոքների, առարկությունների, վարույթների և վեճերի հետկանչ, ապագայում էլ այդ ժամանակահատվածը իրավական վեճերի առարկա չեն դարձնի, եթե անգամ մի երրորդ կողմ նախաձեռնի:
Եվ 8-րդ կետը, որով Երևանն ու Բաքուն և՛ դատապարտում են, և՛ պարտավորվում պայքարել անհանդուրժողականության, ռասայական ատելության և խտրականության, անջատողականության, բռնի ծայրահեղականության և ահաբեկչության դեմ:
Արտակ Բեգլարյանը կարծում է՝ Ադրբեջանը ցանկանում է կանխել Հայաստանի բոլոր իշխանությունների կողմից արդարադատության ձգտումը։
«Այս փաստաթղթի 8-րդ հոդվածի այդ ձևակերպումները ակնհայտորեն հատկապես ադրբեջանական կողմի նկրտումներն են սպասարկում՝ նպատակ ունենալով չակերտավոր խեղդել Արցախի ժողովրդի որևէ հիմնավոր պահանջ, արդար պահանջ՝ հայրենիք վերադառնալու, ադրբեջանական ցեղասպանական վերահսկողությունը բացառելու, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու և իրացնելու: Բոլոր նմանատիպ գործողությունները Հայաստանի Հանրապետությունում ըստ ադրբեջանական կողմի պետք է բացառվեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի նախկին օմբուդսմենը:
Բեգլարյանը պատահական չի համարում նաև հայ-ամերիկա-ադրբեջանական հռչակագրում տեղ գտած՝ ներկայում և ապագայում վրեժխնդրության ցանկացած փորձ բացառելու մասին ձևակերպումը:
«Վստահ ասում եմ, որ այս համաձայնագիրը և ՀՀ իշխանությունների ստանձնած այս խայտառակ պարտավորությունը որևէ կերպ չի կարող սահմանափակել մեր իրավունքները, չի կարող մեր ձայնը կտրել, և այլն, և այլն: Արցախը չի եղել Ադրբեջանի կազմում, հիմա էլ օկուպացված է Ադրբեջանի կողմից: Եթե սա համարվում է անջատողականություն, ապա, խնդրեմ, թող Հայաստանի Հանրապետության իշխանությունները համապատասխան գործիքակազմերը կիրառեն», - հայտարարեց Արտակ Բեգլարյանը:
«Լեռնային Ղարաբաղի էջը Հայաստանը փակված է համարում, հիմա պետք է կենտրոնանալ խաղաղության վրա»
«Ես կարծում եմ, որ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք ա շարունակենք», - ամիսներ առաջ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի թիմակից, պատգամավոր Հասմիկ Հակոբյանն ասում է՝ Լեռնային Ղարաբաղի էջը Հայաստանը փակված է համարում, հիմա պետք է կենտրոնանալ խաղաղության վրա:
«Մենք ընդունել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը, և խաղաղության համաձայնագրում, այո, չեն կարող տեսնել այդ հակամարտության շարունակություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, որովհետև մենք էդ տրամաբանությունը չենք դրել, չենք պնդել, և չէր էլ կարող լինել խաղաղության համաձայնագրում», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հակոբյանը:
«Եթե համաձայնագիրը ստորագրվում է, ցույցեր են լինում՝ իրավունքի վերականգնման պահանջներով, Հայաստանը ըստ այս ստանձնած պարտավորությունների իրավական ինչ-որ գործընթացներ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների նկատմամբ կիրառելո՞ւ է, այս համաձայնությունները ենթադրո՞ւմ են նաև իրավական պրոցեսներ», - այս հարցին ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց. - «Կա ազատ խոսքի հնարավորություն, հավաքների ազատություն, քաղաքացիները կարող են օգտվել իրենց բոլոր նման իրավունքներից: Եթե հարցը ռասայական ատելությանն է վերաբերում, խտրականությանն է վերաբերում, եթե նման ձևակերպման մեջ մարդիկ տեսնում են իրենց, ես այդպես չեմ տեսնում. մինչ այս համաձայնագիրն էլ նույն ռասայական ատելությունը էսպես թե էնպես դատապարտելի էր»:
«Ինչ վերաբերում է հայցերի ետ քաշելուն, եթե սա էլ նկատի ունեն ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները, ապա համապատասխան հոդվածը վերաբերում է պետություններին, շատ ակնհայտ է, որ առանձին անհատների դեպքում պետությունը չի կարող ինչ-որ լծակ օգտագործել ու ստիպել, որ մարդը չօգտվի նման իրավունքներից՝ դիմելու տարբեր ատյաններ», - հավելեց Հասմիկ Հակոբյանը:
«Հայաստանը կարող է կիրառել այս դրույթները՝ հակադարձելու «Արևմտյան Ադրբեջանի» շահարկումներին»
Քաղաքագետ, Ամերիկյան համալսարանի դասախոս Նարեկ Սուքիասյանն առանձնացրել է տարածքային պահանջներից հրաժարվելու ու անջատողականության դեմ պայքարի մասին երկու հոդվածները, կարծում է՝ դրանք Հայաստանին հնարավորություն կտան ադրբեջանական տարածքային նկրտումների դեմ պայքարել. - «Հայաստանը հետագայում կարող է կիրառել այս դրույթները՝ հակադարձելու «Արևմտյան Ադրբեջանի» շահարկումներին»։
Բաքուն «Արևմտյան Ադրբեջան» է համարում Հայաստանի տարածքի մի զգալի մասը, խոսում 300 հազար ադրբեջանցիների վերադարձի, վերաինտեգրման մասին: Հայկական կողմը «Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթը տարածքային նկրտում է համարում:
Երբ երկու տարի առաջ վավերացվում էր Հռոմի ստատուտը, և Մոսկվայի դժգոհության ֆոնին Պուտինին դրանով ձերբակալել-չձերբակալելու հեռանկարի հարցն էր քննարկվում, վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով այժմ արդեն նախկին ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այս փաստաթղթին միանալը նախ Ադրբեջանին պատասխանատվության կանչելու դիտանկյունից էր կարևորում. - «Հիմնականում միտված է Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական, մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների համար պատասխանատվություն նախատեսելուն»:
Հայաստանն ու Ադրբեջանը միջազգային ատյաններում միմյանց դեմ 5-ական հայցեր ունեն ներկայացրած։
Իրավական հայցերից փոխադարձ հրաժարումը քաղաքագետ Նարեկ Սուքիասյանը բարձր գին է համարում արդարադատության և զոհերի իրավունքների պաշտպանության տեսանկյունից. - «Էթնիկ զտման գործողությունների համար հաշվետվողականություն ապահովելու փոխարեն համաձայնագիրը թույլ է տալիս Ադրբեջանին խուսափել պատասխանատվությունից և, փաստորեն, վերջում արժանանալ միջազգային շնորհավորանքների և փառաբանման: Անարդար խաղաղությունը կայուն չէ»:
Ադրբեջանը նախաստորագրել է, բայց խաղաղության պայմանագրի ստորագրման համար շարունակում է պահանջել Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը:
«Սահմանադրական դատարանը իր եզակացությամբ փարատել է Ադրբեջանի մտահոգությունները՝ կապված մեր Սահմանադրության նախաբանի հետ: Ասել, որ պետք է Սահմանադրությունը փոխվի, դա կառուցողական չէ», - ընդգծեց Հասմիկ Հակոբյանը:
Փաստաթղթի ստորագրման համար Ադրբեջանի մյուս նախապայմանի՝ Ղարաբաղյան հարցով զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մեկնարկը տրվեց Վաշինգտոնում: