Մատչելիության հղումներ

Քարաբերդում ոսկու հանքի հարցով լսումները կողմերը «կայացած» ու «չկայացած» համարեցին


Այսօր Քարաբերդ գյուղում հանքի գործով հերթական հանրային լսումը տեղական իշխանությունը կայացած, իսկ բնապահպանները չկայացած համարեցին: Աղմուկի ու բղավոցների տակ «Զով-գուժ» ընկերության ներկայացուցիչ Վիգեն Ավետիսյանը կարդաց Քարաբերդում ոսկի որոնելու իրենց մտադրությունների մասին:

Փամբակի համայնքապետ Սուրեն Կոստանդյանը փորձում էր դադարեցնել բախումներն ու հերթով խոսքի իրավունք տալ տարբեր կարծիք ունեցող գյուղացիներին ու Հայաստանի տարբեր կողմերից Քարաբերդ եկած բնապահպաններին, որոնք կտրականապես դեմ են ընդամենը 85 հաշվառված բնակիչ ունեցող Քարաբերդում ոսկու երկրորդ հանքը բացելու ծրագրերին:

«Որևէ հանք Հայաստանում չի շահագործվում իրենց խոստացած լոլոներին համապատասխան: Բոլոր հանքերը վնասում են մեր երկիրը, իսկ մեր երկիրն այնքան փոքր է, որ մենք այդքան տարածք չունենք, դուք ապրում եք հանքի կողքը, ուզում եք ավելի շատ հանք ունենաք, ավելի շատ թունավորվեք: Էդ ընկերությանը մենակ հետաքրքիր է իր ֆինանսական շահը», - ասաց բնապահպան Անի Խաչատրյանը:

Բնակիչների մեջ թե՛ կողմ ու թե՛ դեմ կարծիք ունեցողներ կային: Մի մասն ասում էր՝ «եղածով բավարարվենք, թույլ չտանք այստեղ ընդլայնել հանքարդյունաբերությունը»: Մյուսները թե՝ աղքատ գյուղում հավելյալ աշխատատեղը չէր խանգարի:

«Էն որ ասում են՝ հանքերը չօգտագործեն, մեր պաշարները չարտահանեն, չվաճառեն, բա ինչո՞վ եք ուզում աշխատավարձը բարձրանա, թոշակները», - ասաց մեկ այլ բնակիչ:

Մոտ մեկ ժամ տևած քննարկումից հետո համայնքի ղեկավարը հայտարարեց, թե հանրային լսումն ավարտված է համարում, կարձանագրեն տեղի ունեցածն ու ավագանուն կներկայացնեն՝ վերջնական որոշում կայացնելու համար: Ավագանին է ի վերջո որոշելու՝ թույլ տա՞լ այստեղ երկրորդ ընկերությանը ոսկու երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնել, թե՞ ոչ:

Մինչդեռ հայտարարված ավարտից հետո իրավապաշտպանները նույն դահլիճում ասուլիս հրավիրեցին ու հայտարարեցին, որ համայնքապետը օրենք է խախտել, բոլոր ցանկացողներին ձայն չի տվել, ու որ պետք է հանրային լսումը չկայացած համարել: Պնդեցին՝ եթե հանրային լսումը կայացած համարվի, հարցն անգամ դատարան կհասցնեն:

Քարաբերդում արդեն գործող ոսկու հանքավայր կա: 2018-ի հեղափոխությունից հետո ընկերությունը մեծ բաժնեմասով չեխերն են տնօրինում: Անցած տարիներին առնվազն երեք տարբեր ընկերություններ, այդ թվում՝ չեխական «Ասսաթ» ընկերությունն արդեն 12 անգամ Քարաբերդ են եկել՝ ոսկի որոնելու թույլտվության հետևից ու դատարկաձեռն հեռացել:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG