Խորհրդային ժամանակներից կառուցվող Կապսի ջրամբարի շինարարությունը, որ երկու տարի առաջ է վերսկսվել, նախատեսված ժամկետից հետ է ընկել: Այս պահին շինարարական աշխատանքների 11 տոկոսն է իրականացվել:
Միջազգային մրցույթը շահել է չինական «Շանսի Քոնսթրաքշն Ինվեսթմենթ Գրուպ»-ը, և ըստ պայմանագրի՝ պետք է առաջին փուլը ավարտի 34 ամսում՝ այսինքն հաջորդ տարի:
270 օրվա կամ ինը ամսվա շեղումը վերականգնել հնարավոր չէ, ասում է պատվիրատու կառույցի՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի Կապսի ջրամբարի ծրագրի համակարգող Դավիթ Զաքարյանը:
«Ցավոք սրտի, Կապսի ջրամբարի շինարարությունը այնպիսին է, որ հերթականությամբ պետք է իրականացվի, և այդ պատճառով լրացնել հետ ընկած ժամանակահատվածը հնարավոր չէ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Զաքարյանը:
Պաշտոնյաները հայտարարում են, որ այս ջրամբարի շահագործմամբ Շիրակի մարզում 17 հազար հեկտար հող լիարաժեք ոռոգում կունենա, իսկ 2300 հեկտարն էլ մեխանիկականից կանցնի ինքնահոսի: Եթե ժամկետը վերականգնել հնարավոր չէ, ջրամաբարի շահագործումը մեկ տարով կհետաձգվի՞. «Այո, կարելի է էդպես ասել, բայց քանի որ դեռևս պայմանագրի ժամկետներն ավարտված չեն, այս պահին հստակ օր նշել չենք կարող», - ընդգծեց Զաքարյանը:
Ի՞նչ խնդիր ունի չինական ընկերությունը, որ սահմանված ժամկետի մեջ չի տեղավորվում, Կապսի ջրամբարի ծրագրի համակարգողն ասաց. «Ուշացումների հիմնական պատճառն այն է, որ կապալառուն դեռևս մրցութային փուլում, հաստատված անձնակազմը չի կարողացել մոբիլիզացնել պայմանագրի մեկնարկի ժամանակ, ուստի խնդիրներ են առաջացել իր մոտ պայմանագրով նախատեսված մեթոդաբանությունների և այլ փաստաթղթերի մշակման հարցում, որն էլ, իր հերթին, խոչընդոտել է արդեն բուն շինարարական աշխատանքներին»:
Արդյոք մրցույթի ժամանակ համապատասխան մասնագետների մոբիլիզացիայի հարցը ռիսկային չի գնահատվել. «Մրցութային փուլում նման ռիսկը հաշվի առնելը մի քիչ իրատեսական չի, սակայն հենց պայմանագրի մեկնարկի ժամանակ այդ խնդիրը մենք բացահայտել ենք: Այս փուլում կարելի է ասել լուծված է խնդիրը, սակայն ներկայումս էլ տեմպերը գոհացուցիչ չեն», - ընդգծում է Զաքարյանը:
Չինական ընկերության ներկայացուցիչները չցանկացան որևէ մեկնաբանություն տալ: Իսկ ժամկետի խախտման համար տուգանք կիրառվելո՞ւ է, «Ազատություն»-ը հետաքրքրվեց ծրագրի հայաստանյան համակարգողից. «Այս փուլում դեռևս տույժեր, տուգանքներ չեն կիրառվել մի պարզ պատճառով՝ որովհետև տուգանքները նախատեսվում են պայմանագրի ժամկետի ավարտից հետո: Մենք դեռևս պայմանագրային ժամկետներում ենք: Սակայն, պայմանագրի ընթացքում արդեն ժամանակացույցից հետ ընկնելն իրավունք է տալիս պատվիրատուին, հիմնադրամին իր կրած վնասների համար փոխատուցում պահանջել կապալառուից, որի համար մենք արդեն կապալառուին տեղեկացրել ենք», - ասաց Կապսի ջրամբարի ծրագրի համակարգողը:
Կապսի ջրամաբարի շինարարությունից հետո նախատեսվում է հարակից 74 ընտանիք ունեցող Ջրաձոր գյուղը տեղափոխել:
«Այնտեղ մենք առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ, ըստ էության, նոր գյուղ ենք կառուցելու, և շատ կարևոր է, որ այս նախագիծը շատ հաջող ընթանա, և մենք 21-րդ դարի գյուղի մոդել կարողանանք այնտեղ ներդնել, քաղաքաշինական նոր մշակույթ ձևավորենք, որը կհամապատասխանի մեր այսօրվա ակնկալիքներին և պահանջներին», - վարչապետն այս հայտարարությունն արել էր երեք տարի առաջ: Պարզվում է՝ այստեղ ևս խնդիրներ կան, ինչի հետևանքով 21-րդ դարի գյուղի կառուցումը չի էլ սկսվել:
«Գյուղի նախագծային աշխատանքները գրեթե ավարտման փուլում են, այն գտնվում է փորձաքննության փուլում: Նախագծային աշխատանքներն ընթացել են դանդաղ տեպերով այն պատճառով, որ պայմանագրի մեկնարկի ժամանակ գյուղի տեղը հստակ որոշված չի եղել», - ասում է Դավիթ Զաքարյանը:
Ջրամբարի շինարարության համար գերմանական KfW բանկը 68.5 մլն եվրոյի վարկ է տրամադրել, ևս 26.7 մլն եվրո էլ հատկացրել է Հայաստանի կառավարությունը։ Առաջին փուլով նախատեսվում է, որ ջրամբարը 25 մլն խորանարդ մետր ծավալ կունենա, երկրորդ փուլում արդեն տարողությունը պետք է հասնի 60 մլն խորանարդ մետրի:
Երկրորդ փուլի համար լրացուցիչ 20-25 մլն եվրո կպահանջվի։ Մասնագետների գնահատմամբ՝ կլիմայի փոփոխության ու նաև հարևան Թուրքիայում մեծ ծավալներով իրականացվող ջրամբարաշինության հետևանքով Հայաստան ավելի քիչ ջրային ռեսուրսներ են մուտք գործում։ Վեդիի ջրամաբարի շինարարությունն այս տարի ավարտվեց, հիմա ջուր են կուտակում: Կառավարությունը մտադիր է ևս հինգ միջին ու փոքր ջրամբար կառուցել: