Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առավոտյան 10-ից 2 պակաս ազդարարեց Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքի մեկնարկի մասին, րոպեներ անց, սակայն, պարզվեց, որ համակարգը խափանվել է, երկրպագուներն անգամ բազմաթիվ փորձերից հետո տոմս գնել չեն կարողանում։
Տասնյակ փորձերից հետո երկրպագուներից շատերը նախընտրել էին հասնել Հանրապետական մարզադաշտ։ Տեղում, սակայն, նրանց հայտնեցին, որ
թղթե տոմս էլ գնել չեն կարող։
Ֆեդերացիան միայն առցանց է վաճառում տոմսերը, որոնք, սակայն, ժամերով անհասանելի են։ Երկրպագուները սեպտեմբերի 6-ին կայանալիք Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմս գնելու համար Tickets.ffa.am կայքում պետք է է անցնեն անձնագրային նույնականացում և հետո նոր կարողանան գնել տոմսը։
«Tickets.ffa.am կայքում այցելուների մեծածավալ հոսքի պատճառով առաջացել են տեխնիկական խնդիրներ, որոնք կարգավորվում են:
Այսօր ժամը 14:00-ից Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերը ձեռք բերելու համար կթողարկվի հերթային համակարգ, որն ավելի պարզ ու անխափան կդարձնի գնման գործընթացը»:
Ֆեդերացիայի նորամուծությունն էլ չօգնեց։ Թեև համակարգը ծանուցում էր, թե գնորդը հերթի մեջ է, ու խնդրում էր որոշ ժամանակ անց թարմացնել կայքը, հանդիպման տոմս գնելը շարունակում էր անհասանելի լինել ժամեր շարունակ։
Ֆեդերացիայից ավելի վաղ հաղորդել էին՝ հանդիպման 2500 տոմս են վաճառել։ Երկրպագուներից շատերը սոցիալական ցանցերում հայտնեցին, որ Ֆեդերացիայի կայքում շատերին անհասանելի տոմսերն արդեն հասել են «սև շուկա» ու վաճառվում են, մինչև անգամ՝ 1 տոմսը 570 հազար դոլարով:
Տոմսեր գնել հաջողացրած քաղաքացիներից ոմանք անգամ հայտարարությունների կայքերից մեկում դրանք արդեն վաճառքի էին հանել։
Ֆուտբոլի ֆեդերացիայից հետագա խափանումները չեն մեկնաբանել։ Ինչ է անում Ֆեդերացիան, որ տոմսերը «սև շուկայում» չհայտնվեն ու աստղաբաշխական գներով չվաճառվեն, չհաջողվեց պարզել ՀՖՖ խոսնակից՝ այսօր նա «Ազատության» զանգերն անպատասխան էր թողնում: Դեռ մայիսին Ֆեդերացիան զգուշացրել էր նաև կեղծ տոմսերի վաճառքի մասին:
Սեպտեմբերի 6-ին Հայաստանի ու Պորտուգալիայի հավաքականները ուժերը կչափեն 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում:
Այլ մանրամասները՝ «Ազատության» հեռուստառեպորտաժում.