Մատչելիության հղումներ

Երևանը ջանում է փարատել Թեհրանի և Մոսկվայի մտահոգությունները


ԱՄՆ - Եռակողմ հռչակագրի ստորագրման արարողությունը Սպիտակ տանը, Վաշինգտոն, 8-ը օգոստոսի, 2025թ.
ԱՄՆ - Եռակողմ հռչակագրի ստորագրման արարողությունը Սպիտակ տանը, Վաշինգտոն, 8-ը օգոստոսի, 2025թ.

Մինչ վարչապետ Փաշինյանը օրեր շարունակ Մոսկվային ու Թեհրանին փորձում է բացատրել հայ - ադրբեջանական ապաշրջափակումից նաև նրանց օգուտը, ռուս ու իրանցի պաշտոնյաներն իրար մեջ են քննարկում տարածաշրջանային վերջին զարգացումները:

«Երբ դրանք կյանքի կոչվեն, օրինակ, Իրանը հնարավորություն կունենա երկաթուղով Պարսից ծոցից հասնել Սև ծով, իսկ Ռուսաստանն ու Իրանը կկարողանան ունենալ երկաթուղային կապ երկու երկրների միջև: Եթե կենտրոնանանք համաձայնագրի տնտեսական կողմի վրա, ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, Միացյալ Նահանգները, Թուրքիան, այլև՝ Ռուսաստանն ու Իրանը կունենան շատ կարևոր օգուտներ», - հայտարարել է Հայաստանի վարչապետը Fox News-ին տված հարցազույցում:

Fox News-ը Փաշինյանի հարցազրույցից հենց Իրանին ու Ռուսաստանին առնչվող հատվածն է առանձնացրել, որը ամերիկյան լրատվամիջոցին Հայաստանի ղեկավարը տվել է օգոստոսի 9-ին՝ Միացյալ Նահանգների ու Ադրբեջանի ղեկավարների հետ հռչակագրի ստորագրման հաջորդ օրը:

Հենց այդ հռչակագրով Երևանն ու Բաքուն վերահաստատեցին միմյանց միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա: Ադրբեջանը, ձևակերպման համաձայն, իր հիմնական մասի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով անխոչընդոտ հաղորդակցություն կստանա, Հայաստանը՝ միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններ։

Հենց սկզբից ամերիկյան միջնորդությամբ ձեռք բերված հայ - ադրբեջանական պայմանավորվածությունների շուրջ մտահոգություններ հնչեցնող Իրանի ու Ռուսաստանի պաշտոնյաները քննարկումներ են սկսել, ինչպես ռուսական ՏԱՍՍ-ն է ձևակերպել՝ Հարավային կովկասում ստեղծված իրավիճակի շուրջ:

Ռուսաստանի արտգործնախարարի՝ հայ - ադրբեջանական կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը երեկ Թեհրանում հանդիպել է արտգործնախարար Աբբաս Արաղչիին: Նախարարը շեշտել է Կովկասում հարցերը տարածաշրջանի երկրների ուժերով, այդ թվում՝ 3+3 ձևաչափով կարգավորելու կարևորությունը. սա Հարավային Կովկասի երկրների ու տարածաշրջանի գերտերությունների՝ Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի քննարկումների հարթակ է:

Թե՛ ռուսական, թե՛ իրանական պետական լրատվամիջոցները նշում են, որ նախարար Արաղչին ռուս պաշտոնյայի հետ զրույցում կարևորել է տարածաշրջանային հարցերում Մոսկվայի ու Թեհրանի միակարծությունը:

Իրանական պետական լրատվամիջոցը փոխանցում է Արաղչիի ձևակերպումը, թե համագործակցության ամրապնդման անհրաժեշտություն կա՝ ընդհանուր շահերը պաշտպանելու համար։

Ռուսական կողմի հետ հետվաշինգտոնյան բանակցությունների մասին չի հայտարարվել: Պաշտոնապես միայն հայտնի դարձավ ղեկավարների՝ Փաշինյանի ու Պուտինի, նաև՝ արտգործնախարարների հեռախոսազրույցների մասին: Իսկ ահա Թեհրան Երևանը նաև բանագնաց ուղարկեց: Փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը թե՛ աշխարհիկ, թե՛ ամերիկյան ներկայությանն առավել կոշտ արձագանքող հոգևոր թևի ներկայացուցիչներին է հանդիպել:

Հայաստանը փոխադարձաբար հաշվի է առնում Իրանի կենսական շահերը,- Թեհրանում, ըստ ԱԳՆ-ի, Երևանի այս ուղերձն է փոխանցել Կոստանյանը:

Արտատարածաշրջանային երկրների ներկայությունից անկայունություն սպասող Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել էր, թե Իրանի ազգային անվտանգությանը սպառնացող ցանկացած գործողություն կստանա պատասխան:

Իրանական աղբյուրների փոխացմամբ՝ հայ դիվանագետի հետ հանդիպմանը Վելայաթին, ընդգծելով հայ - ադրբեջանական խաղաղության կարևորությունը, դարձյալ շեշտել է՝ տարածաշրջանի ճակատագիրը պետք է որոշեն տարածաշրջանի երկրները:



Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG