Երևանի և Բաքվի միջև համաձայնությունը կարևոր է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար, հայտարարել է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թեմի Բրյուսը:
«Սա կարևոր է այս վարչակազմի համար: Այն կարևոր է աշխարհի համար», - ընդգծել է Բրյուսը:
«Շատերը փորձել են՝ պետք է ասենք՝ եվրոպացիները, ֆրանսիացիները, Պուտինը և նույնիսկ Բայդենը, միայն նախագահ Թրամփը կարողացավ հաջողությամբ միավորել այս երկու երկրները՝ համաձայնության գալու այս պատմական խաղաղության համար: Այսպիսով, կարծում եմ, աշխարհը գիտի, որ նա հավատարիմ է երկրների միջև երկարատև, կայուն խաղաղությանը՝ անկախ նրանից, թե որքան են տևել հակամարտությունները կամ թշնամանքը», - ասել է Թեմի Բրյուսը։
ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հռչակագիրը վերահաստատեց, որ նախագահ Թրամփը իսկապես խաղաղության նախագահ է»։
Բրյուսը հավելել է, որ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը նաև երկկողմ տնտեսական համաձայնագրեր են ստորագրել Միացյալ Նահանգների հետ։
Անցած շաբաթ Վաշինգտոնում Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի ղեկավարների ներկայությամբ արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը նախաստորագրել էին խաղաղության համաձայնագիրը: Նախօրեին Երևանն ու Բաքուն միաժամանակ հրապարակեցին 17 կետանոց փաստաթուղթը:
Միացյալ Նահանգների, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներն էլ համատեղ հռչակագրի էին ստորագրել, որի կետերից մեկն էլ ապաշրջափակման մասին է. Երևանն ու Բաքուն վերահաստատել են ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա: